Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իմ դեմ դատական հայց ներկայացրել է ոչ թե քաղաքապետը, այլ Նիկոլ Փաշինյանը. Սոնա Աղեկյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանի դեմ դատական հայց է ներկայացրել։

Նախաձեռնության անդամը նշում է որ պատրաստ են իրենց արածների համար պատասխանատվություն կրել։ Նա նաեւ ենթադրություն է հայտնում, որ այդ դատական հայցն իր դեմ ոչ թե Հայկ Մարությանից է, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

«Սա ոչ թե Մարությանը, այլ պարոն վարչապետն է հայցը ներկայացրել։ Հայկ Մարությանը պետք է հասկանա՝ որպես քաղաքական գործի՞չ, թե՞ որպես շարքային Հայկ Մարության է դատական հայց ներկայացնում։ Իրավական առումով մենք պատրաստ ենք ցանկացած և՛ քննադատության, և՛ պատասխանատվության բոլոր արարքների համար, որոնք կատարել ենք և դեռ կատարելու ենք»,- ասում է նախաձեռնության անդամը։

Սոնա Աղեկյանը նշում է, որ իրենք ակցիաները չեն դադարեցնելու և շարունակելու են վարչապետի և Հայկ Մարությանի նկարներով պաստառները՝ «իմ աղբը» գրությամբ փակցնել աղբամաններին։ Նա պնդում է, որ քաղաքում տարածված հոտը համաճարակի աղբյուր է, և այդ հարցը պետք է լուծի քաղաքացիների կողմից ընտրված քաղաքապետը։

Սոնա Աղեկյանը նաև հայտում է, որ իրենք ակցիաների ընթացքում ոստիկանության կողմից միշտ էլ ենթարկվել են բիրտ վերաբերմունքի․

«Որպես ՀՀ քաղաքացի՝ ունենք ակցիաներ անցկացնելու իրավունք, որոնց արդյունքում մենք չպետք է ենթարկվենք քաղաքական հետապնդումների»,- ասաց Աղեկյանը։