Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ
A A
Պաշտոնական

ՊԵԿ. «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ դեմ գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին

Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հետաքրքրությունը «Սանիթեք»-ի գործունեության վերաբերյալ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռևս 22.02.2019թ.-ին:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաև ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:

           Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 ՀՀ ՊԵԿ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին