Բացել լրահոսը Փակել լրահոսը
HYD
A A
Հասարակություն

Աշխատողների հիմնական իրավունքների իրացումը փաստացի չի վերահսկվում. ՀՅԴ

Աշխատանքային օրենսդրության, անհատական և կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը, որպես կանոն, իրականացվում է պետության կողմից՝ տեսչական համակարգի միջոցով, ինչպես նաև արհմիությունների, շահագրգիռ հասարակական այլ կազմակերպությունների միջոցով:

Անկախացումից ի վեր այս ինստիտուտների ներդրման և զարգացման որոշակի քայլեր իրականացվել են մեր երկրում՝ իրավական դաշտի ձևավորում, աշխատանքի պետական տեսչության ձևավորում, սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում արհմիությունների գործնական մասնակցության ապահովում և այլն:

Սակայն օբյեկտիվորեն պետք է արձանագրել, որ դեռևս չունենք իրապես անկախ, ներկայացուցչական ու հզոր արհմիություններ՝ որպես հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության մակարդակներում սոցիալական գործընկերության կայացման համար անհրաժեշտ պայման:

Դրական փորձ ունեցող բազմաթիվ երկրների օրինակով պետք է փաստել, որ գորածատու-աշատող սոցիալական երկխոսության և գործընկերության հարթակների և պահանջարկի ձևավորումը կարելի է կարճ ժամկետում իրականություն դարձնել, եթե պետությունը՝

  • ստանձնի խթանիչ դերակատարում սոցիալական գործընկերության բոլոր մակարդակներում,
  • աջակցի արհմիությունների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, հատկապես՝ ձեռնարկությունների մակարդակում արհմիությունների կայացմանը:

Մյուս կողմից անհրաժեշտ է նաև արձանագրել՝ մեր երկրում ձևավորված չէ աշխատանքային օրեսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողական իրական համակարգ:

Մասնավորապես, տեսչական բարեփոխումների շրջանակներում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը և ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը միաձուլվեցին և ստեղծվեց ՀՀ աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը: Նոր ստեղծված տեսչական մարմնին վերապահված է միայն աշխատողների անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ վերահսկողությունը:

Արդյունքում, պետական վերահսկողությունից դուրս են մնացել՝ աշխատողի աշխատավարձի վճարման, աշխատաժամանակի և հանգստի ռեժիմների պահպանման, աշխատանքային հարաբերությունների ծագման և դադարման, նվազագույն երաշխիքների ու հատուցումների տրամադրման, աշխատավայրում դժբախտ դեպքերի արդյունքում աշխատողների վնասի հատուցման ոլորտները: Այս պարագայում խախտվում են նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 81 կոնվենցիայի պահանջները:

Իհարկե, քննարկման առանձին խնդիր է ձևավորված նոր տեսչական մարմնի գործառնական արդյունավետությունը: Պետական այս մարմնում աշխատում են ընդամենը 23 տեսուչներ, որոնք պետք է վերահսկեն շուրջ 540 հազար աշխատողների իրավունքների իրացումը: Էլ չխոսենք այդ տեսուչների մասնագիտական անհրաժեշտ կարողություննների, տեխնիկական զինվածության և տեղեկատվական ապահովման, մեթոդաբանական հիմքերի և գործիքակազմի բացակայության մասին:

Դատական կարգով աշխատանքային իրավունքների պաշտպանության հնարավորությունը միայն բավարար չէ՝ հաշվի առնելով դատարանների գերծանրաբեռնվածությունը, դատարաններում քննվող աշխատանքային վեճերի փոքր թիվը (տարեկան միջինը շուրջ 500 հայցադիմում), իրականում առկա խախտումների մեծ թիվը, աշխատողների և գործատուների իրավագիտակցության ցածր մակարդակը:

Զուգահեռաբար՝ աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է գործատուների ու աշխատողների իրավագիտակցության և տեղեկացվածության շարունակական բարձրացում:

Ամփոփելով. հրատապ և առարկայական անհրաժեշտություն է վարչական կարգով աշխատանքային իրավունքների պաշտպանության հնարավորության ապահովումը՝ տեսչական լիարժեք համակարգի միջոցով:

Ցավոք, ներկայումս տեսանելի չէ նաև այս խնդիրների լուծման որևէ նախաձեռնություն:

 

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող