Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կխոսեն «մեկ քառակուսի մետրից»

Մշակույթ

Այսօր' ժամը 19:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ)  կմեկնարկի «Մեկ քառակուսի մետր»' թատրոն առանց թատրոնի 4-րդ փառատոնը:

Նախորդ տարի «Հեղինակների ձայն» լավագույն մրցանակի արժանացած «Բարեւ, մահ ջան» ներկայացմամբ կազդարարվի փառատոնի սկիզբը, իսկ մեկ շաբաթ անց փառատոնը կփակվի այս տարի «Հեղինակների ձայն» լավագույն մրցանակի արժանացած ներկայացմամբ: Մեկշաբաթյա փառատոնին կցուցադրվեն 12 ներկայացումներ:

«Անունը' «Մեկ քառակուսի մետր», ենթադրում է որոշ սահմանափակում, մեկ ուրիշ կերպ թատրոնի մասին է խոսքը: Այսինքն, բոլոր  ներկայացումները պետք է լինեն մեկ քառակուսի մետր բեմում: Բացի այդ, չպետք է տեւեն 45 րոպեից ավելի, իսկ խոսքի, ձեւի, ժանրի, կերպարների քանակի որեւէ սահմանափակում չկա»,-«Ա1+»-ին ասաց Փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարեն:

Փառատոնը նախատեսում է նաեւ մրցանակներ' «Հեղինակների ձայն», «Լավագույն մեկ քառակուսի մետր» ներկայացում, «Լավագույն գրական հիմք», «Լավագույն բեմադրիչ» եւ «Լավագույն դերասան» կարգերում:

Ժյուրիի կազմում այս տարի ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանն է, կինոգետ Զավեն Բոյաջյանը եւ թատերագետ Նվարդ Ասատրյան:

Փառատոնին մասնակցում են բոլոր նրանք, ովքեր հայտագիր են ներկայացրել:

 «Մեր փառատոնը արտադրական փառատոն է, ամբողջովին նպաստում է, ամեն ինչ անում է օգտակար լինելու որեւէ իդեայի իրագործմանը: Այսինքն' որեւէ մեկը հայտ է ներկայացրել, սեղանի առջեւ, տեքստի վրա աշխատելու տեղ չունի, մենք նրանց համար ամեն ինչ անում ենք: Նպատակն է'  նպաստել հենց այդ երեւակայությանը, ազատ ստեղծարարությանը որեւէ հեղինակի»,- ասաց Գագիկ Ղազարեն' ավելացնելով, թե կան մարդիկ, որ անգամ կրթություն չունեն, կրթական մակարդակից դուրս են, բայց հրաշալի գրում են, հրաշալի տվյալներ ունեն որպես բեմադրիչ:

«Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնի բոլոր ներկայացումների մուտքն ազատ է: