Կառավարությունն ունի՞ այլընտրանքային ծրագրեր մանկատները բեռնաթափելու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում մեկնարկել է ԱԺ-Կառավարության հետ հարցուպատասխանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի հարցին՝ կառավարությունը մանկատների բեռը թեթևացնելու համար ի՞նչ քայլերի է դիմում, կառավարությունը, այլընտրանքային ի՞նչ ծրագրեր ունի,որ կնպաստեն խնդրի լուծմանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց.
«Մեզ համար շատ կարևոր քաղաքականություն է ապաինստիտուցիոնալացումը, այսինքն` երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը և կարծում եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերը, հասարակական և միջազգային կազմակերպությունները պետք է իրենց ջանքերն ուղղեն, որ երեխան ապրի ընտանիքում»։
Բաթոյանի կարծիքով ցերեկային խնամք մատուցող ծառայությունները պետք է լինեն երեխայի համայնքում։ Նրա խոսքով նախարարության քաղաքականությունն ուղղված է ապակենտրոն ծառայությունների ստեղծմանը, համայնքային ծառայությունների զարգացմանը։
«Ցավոք դրանցից շատերը կենտրոնացած են մեծ քաղաքներում, բայց նաև միջնաժամկետ ծախսային ծրագրերով մենք նախաձեռնել ենք այդ ծառայությունների տրամադրումը մարզերում ու շուտով այս ծրագիրը կդրվի հանրային քննարկման»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում