Ներկա իշխանությունները հասարակության կողմից ընդունվել էին որպես մերժված իշխանության հմուտ քննադատ. Ա. Ղազինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը։
Համագումարին հրավիրվել էին նաեւ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, փաստաբան Արսեն Մկրտչյանը, քաղաքագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ և այլք։
Կուսակցության hիմնադրման նախաձեռնող խմբի ղեկավար Արթուր Ղազինյանն, իր ելույթում անդրադառնալով 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններին, նշեց, որ անկախության սերունդը դեմ էր դուրս եկել 30-ամյա մենիշխանությանը, կոռուպցիային, հովանավորչությանը, անարդարությանը, և դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններով վերահաստատեց իր դիրքորոշումը։ Սակայն Ղազինյանի խոսքով՝ վերջ չտրվեց ներկայի և անցյալի միջև պայքարին։
«Ապագայի համար պայքարը կրկին պարտություն կրեց, և մենք ներքաշվեցինք անցյալի և ներկայի անվերջանալի և հոգնեցուցիչ դարձող պայքարի մեջ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ ներկայիս իշխանությունն իր լեգիտիմության ամբողջ պաշարը ձևավորել էր նախորդ իշխանությունների դեմ վարած քաղաքականությամբ։
Անդրադառանալով Արցախյան հակամարտությանը՝ Ղազինյանը նշեց, որ իրենց համար սկզբունքային է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և արցախահայության անվտանգության երաշխավորումը։
«Երկարատև խաղաղության գրավականը հետկոնֆլիկտային իրավիճակի ամբողջական նկարագրությունն է, թե ինչպիսի միջավայրում և մթնոլորտում պետք է ապրեն երեք հարավկովկասյան պետությունները»,- ընդգծեց նա։ ԼՂ հակամարտությունը, ըստ նրա, մշտապես սպառնալիք է եղել ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար, իսկ էսկալացիայի դեպքում այն կարող է դառնալ միջազգային անվտանգության լրջագույն սպառնալիք։