Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն այսօր մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած նախագիծը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Հարցի քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի ժամկետով՝ օրենքով գործող մեկ տարվա փոխարեն:
Փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ ստացող կենսաթոշակառուի տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալու և ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու մասին դրույթները, նաև ուժը կորցրած ճանաչել 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը, գործարկել արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների մահվան փաստերի գրանցման համակարգը, և օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժի մեջ գտնվող լիազորագրերն ավտոմատ կերպով համարել 15 տարի ժամկետով:
Զարուհի Բաթոյանի խոսքով, եթե փաթեթն ընդունվի, ապա այս տարվա ապրիլի մեկի տվյալներով կենսաթոշակների և նպաստների վճարվող ծախսը կավելանա 2 մլրդ դրամով։
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ գործող օրենսգրքով վերացվում է նաև Հայաստանում գտնվող քաղաքացիների՝ անձամբ բանկ այցելելու պահանջը և առաջարկեց գործող հոդվածները թողնել անփոփոխ:
Վարչապետն այս նախագիծը համարեց «ետ տանող» նախագիծ. «Ես լավ չեմ հասկանում այն նախագծերը, որոնք մեզ առաջարկում են ետ գնալ: Այս իրավիճակն ինչի՞ց է առաջացել: Առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարավոր թոշակառուներ կան, որ գոյություն չունեն, բայց նրանք թոշակ են ստանում, և դրա արդյունքում պետությանը միլիարդների վնաս է պատճառվել: Հիմա մենք առաջարկում ենք, որ սողանցքներ ստեղծել, որ էլի նույն բանը տեղի ունենա, սա անհասկանալի տրամաբանություն է: Մինչև այսօր Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ: Փոխանակ մենք այնպես անենք, որ գոյություն չունեցող նպաստառուներ գոյություն չունենան, ասում ենք՝ միջանցք բացենք, որ ունենան, դա բացարձակ անընդունելի բան է»,- ասաց Փաշինյանը:
Զարուհի Բաթոյանն ասաց, որ բացառիկ դեպքերի մասին է խոսքը գնում:
Նախարար Բաթոյանն էլ արձագանքեց, թե այստեղ խոսքը բացառիկ դեպքերի մասին է: Վարչապետի հանձնարարականով պետք է տեխնոլոգիական լուծումներ ստեղծել, որ մարդու գոյություն ունենալու փաստն արձանագրվի այլ ճանապարհներով: