77-ԱՄՅԱ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Աջակցիր «Ա1+»-ին
77-ամյա հայտնի ֆոտոլրագրող Հարրի Քունդակչյանի աշխատանքներն այս օրերին ցուցադրվում են Նու- Յորքի «Սիթի» համալսարանում:
Նա իր ամբողջ կյանքը նվիրել է ֆոտոլրագրությանը:
Պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 1952 թվականից, երբ աշխատել է ֆրանսերեն լեզվով հրատարակվող «Լօրիան» եւ նրա արաբերեն տարբերակի`«Ժարդիա» թերթերում:
Հայազգի տաղանդավոր լուսանկարիչը աշխատել է նաեւ «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունում, իսկ 1974թ-ին ստանձնել է Մերձավոր Արեւելքի լրատվության բաժնի գլխավոր խմբագրի պաշտոնը: Այս գործակալությունում նա աշխատել է ավելի քան 40 տարի:
Աշխատանքային տարիների ընթացքում շրջագայել է 20 երկրներում` լուսանկարելով պետությունների ղեկավարների եւ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ արվեստի եւ գրականության տարբեր երախտավորների:
Հարրի Քունդակչյանը արժանացել է «Վորլդ Պրես ֆոտո» եւ «Մենենջինգ էդիթորզ» միջազգային մրցանակների:
Հիմա էլ 77-ամյա նկարիչ Հարրի Քունդակչյանը երիտասարդական ավյունով շարունակում է իր ստեղծագործական աշխատանքը`իր անբաժան ընկերոջ` լուսանկարչական խցիկի հետ միասին:
Ռոբերտ Կարապետյան
Նյու- Յորք