Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄՈՐԱՔՈՒՅՐԸ ՓԱՐԻԶԻՑ». «ՄՆԱ՞Լ, ԹԵ՞ ԳՆԱԼ» / VIDEO /

Մշակույթ


««Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ ես այսօր նախադասություններ եմ ասում, որոնք երբեք չէի ասի Խորհրդային միության տարիներին: Պարադոքս է»,- «Ա1+»-ի հետ զրուցում պատմեց դերասան, սցենարիստ Նարեկ Դուրյանը` հիշելով խորհրդային շրջանի բռնապետական բարքերն ու դրանք համամատելով` այսօրվա դեմոկրատիայի հետ: Իսկ թե որն է էլ ավելի նախընտրելի` արվեստագետը հստակ պատասխան դրան չունի, քանի որ երկու դեպքում էլ` թե բացասական, թե դրականը շատ են:


«Ներկայացման մեջ մսյո Ժակն ասում է. «Ձեր դեմոկրատիայի եւ դիկտատուրայի տարբերությունն էլ հասկացանք` դիկտատուրայի ժամանակ խոսել չես կարող, բոլորը մտիկ կենեն, դեմոկրատիայի ժամանակ որքան կուզես խոսի` շան տեղ դնող չկա»,- ժպիտով հավելում է Դուրյանը:


Տիկինիկային թատրոնի փոքրիկ դահլիճում ներկայացման այս տարվա վերջին ցուցադրումներն ավարտվեցին: Ի դեպ, Դուրյանը հատուկ էր ընտրել այս դահլիճը, քանի որ այն, ըստ նրա, մտերմիկ մթնոլորտ էր ստեղծում եւ հնարավորություն տալիս էլ ավելի անմիջական շփում ունենալ հանդիսատեսի հետ:


«Ես դեմ եմ 350-400 տեղից ավելի մեծ թատրոնների դահլիճում ներկայացում տալ. այն ինձ համար դառնում է գորաարանատիպ մի շոու: Փարիզում հենց այդ թատրոններն են մեծ հաջողություն վայելում: Ակադեմիական թատրոնն իմ ժանրը չէ: Ես կարող եմ կանգնել բեմին ու հանդիսատեսին ասել` հեռախոսդ անջատի: Հանդիսատեսն ինձ հետ միանգամից բեմ է բարձրանում ու մոռանում, որ գումար է տվել ու եկել ներկայացման. նա ուղղակի իրեն զգում է իր մտերիմ ընկերների շրջապատում: Եվ ի վերջո, իմ միմիկաները. ես գիտեմ, որ դրանք փոքր սրահում անցնում են, իսկ մեծում` կորչում: Հիմա այն դարն անցել է, որ հեռադիտակներով նայեն»,- հումորով նկատում է Նարեկ Դուրյանը:


«Մորաքույրը Փարիզից»-ը ստեղծվել է Թոմաս Բրանդունի «Չառլիի Մորաքույր» պիեսի հիման վրա, սակայն պիեսից Դուրյանը վերցրել էր միայն տղամարդու կերպարանափոխվելը կնոջ, իսկ սցենարն ամբողջովին ինքն է գրել:


«Ինչ տեքստ ուզում ես կողքից ասա, ուզում ես մոնոլոգ կարդա, միեւնույն է` երբ կա կնոջ շորեր հագած տղամարդ, բոլորի ուշադրությունը սեւեռվում է նրա վրա: Այստեղ մեկ այլ դժվարություն էլ կա` չընկնել վուլգարության մեջ, քանի որ կանացի հագնված տղամարդու դեպքում շատ հեշտ ու դյուրին է ընկնել հեշտ ձեւով ծիծաղ փնտրելու հետեւից»,- կարծում է Դուրյանը:


Ներկայացումը մեծ հաջողություն ու լեփ-լեցուն դահլիճներ ապահովեց ոչ միայն մորաքույրի կերպարը մարմնավորած Դուրյանի դերասական գրավիչ խաղով, այլեւ ընտրված թեմայով: Թեման արտագաղթն է, երբ շատ հայաստանցիների համար գերխնդիր է շարունակում մնալ` գնա՞լ, թե՞ մնալ: Այս հարցադրումով էլ դերասանն ավարտում է ներկայացումն` այդպես էլ` իր իսկ խոստովանմամբ` չկարողանալով գտնել իրական պատասխանը:


Ի դեպ, Նարեկ Դուրյանը, աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի որդին, ինքը եւս խորհրդային տարիներին արտագաղթեց Ֆրանսիա, ընտանիք կազմեց եւ արդեն 29 տարի է` ապրում է այնտեղ:


Սակայն նրան անդիմադրելիորեն ձգում է դեպի ետ, դեպի Երեւան, թեեւ այս ընթացքում պարբերաբար եկել-գնացել է հայրենիք, սակայն ներկայացմամբ առաջին անգամ է հանդես գալիս: Խորհրդային շրջանում Ֆրանսիայում իր մնալու համար, իր ասելով` նա ուներ պատճառաբանություն` քաղաքական հետապնդումները: Իսկ այժմ, երբ փլուզվել է ԽՍՀՄ-ը, նա չի կարողանում արդարացնել իր մնալն այնտեղ, թեեւ վերադարձն էլ հեշտ չէ:


Բացի այդ` ամեն անգամ գալով Երեւան` նա ավելի ու ավելի չի գտնում իր մանկության եւ պատանեկության քաղաքը: « Երբ նայում եմ շենքերին, հիվանդանում եմ. այս ի՞նչ արեցին մեր քաղաքի հետ: Ինձ կատեգորիկ դուր չի գալիս Հյուսիսային պողոտան, թեեւ գաղափարը շատ լավն էր: Այդտեղ ես կտեսնեի ավելի հին Երեւան` 3-4 հարկանի շենքեր` գեղեցիկ, երկաթե պատշգամբներով: Իսկ ընդհանրապես` ո՞վ է այդտեղ ապրելու»,- զարմանում է դերասանը: Սակայն նա, այնուամենայնիվ, լույս տեսնում է, քանի որ կան նաեւ հուսադրող երեւույթներ: Օրինակ` ըստ նրա` արդեն կա միջին խավ: Հայրենիքում գտնվելու օրերին իր ունեցած բոլոր այս մտորումներն ու դիտարկումները նա որոշել է կյանքի կոչել նոր ներկայացման մեջ: Իսկ «Մորաքույրը Փարիզից»-ն իր նոր թատերաշրջանը կսկսի 2009թ. փետրվարից: Այս ընթացքում Նարեկ Դուրյանը Փարիզում հանդես կգա մեկ այլ` մոնո ներկայացմամբ, որը նաեւ ինքնակենսագրական է եւ դարձյալ արտագաղթի մասին է: «Արտագաղթը մեր ազգի ամենաթույլ տեղն է` սպիտակ գենոցիդը»,- նկատեց Նարեկ Դուրյանը: