ՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինԵրբ 1991 թ. Վաշինգթոնում հիմնադրվեց ռուսական բալետի դպրոց, ռուս ճանաչված բալեռոների հետ` Հայաստանից հրավիրվեց նաեւ բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Ակժմ Վաշինգտոնում նա ղեկավարում է իր հիմնադրած «Արքա» բալետը, որը մեծ համբավ է վայելում ԱՄՆ-ում եւ նրա սահմաններից դուրս:
2004 թ. հայ համերգի հրավերով «Արքա» բալետը երկու ներկայացումով հյուրընկալվեց Երեւանում: Ի զարմանք բոլորին, օրերս Նյու Յորքի հանրահայտ «Տրայբեկա» նկարչական թաղամասի «Վիլլիջ Քուել» պատկերասրահում բացվեց Ռուդոլֆ Խառատյանի գեղանկարների անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր հիսունից ավելի կտավներ:
Ռուդոլֆը նկարել սկսել է մանկուց: Դպրոցական տարիներին նա հաճախել է Պիոներ պալատի քանդակի խումբը, բայց հետագայում հրապուրվել է պարարվեստով: 1991 թ. նա մեծ եռանդով սկսել է նկարել եւ ցուցադրվել բազմաթիվ երկրներում` Ֆրանսիայում, Կանադայում, Դանիայում, Արգենտինայում եւ այլ միջազգային ցուցահանդեսներում:
«Այժմ ես մի երազանք ունեմ, - ասում է Ռուդոլֆ Խառատյանը, - երազանքս այն է, որ այսպիսի մի անհատական ցուցահանդես էլ ունենամ իմ Հայրենիքում»:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք