Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՄՊՐՈՄԻՍԻ ՉԵՆ ԵԿԵԼ

Սպորտ

Օրերս Բարսելոնայում հանդիպել էին 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու 5-րդ խմբում ընդգրկված հավաքականների ներկայացուցիչները` փորձելով հաստատել այս խմբի խաղացանկը, սակայն այդպես էլ չէին կարողացել ընդհանուր հայտարարի գալ:

Բանակցություններին Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցած ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանը, ժամանելով Երեւան, «Ա1+»-ին փոխանցեց, որ հենց սկզբից էլ ի հայտ են եկել որոշակի դժվարություններ. «Պարզվեց, որ Բոսնիա եւ Հերցեգովինայի պատվիրակությունը չէր կարող ժամանակին հասնել, քանի որ կլիմայական վատ պայմանների պատճառով Սարաեւոյի օդանակավակայանը չվերթներ չէր իրականացնում: Նրանք ստիպված էին մեքենայով հասնել Զագրեբ, որտեղից ինքնաթիռով պետք է գային Բարսելոնա: Բանակցությունները որոշ ժամանակով հետաձգվեցին, բայց այնուամենայնիվ նրանց չհասցրեցին մեկնարկին ներկա գտնվել»:

Նման պարագայում քննարկումները ընթացել են մյուս 5 մասնակիցների` Հայաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Էստոնիայի եւ Բելգիայի ներկայացուցիչների միջեւ:Հայաստանը խաղացանկում տեղավորել է իր բոլոր հանդիպումները եւ պատրաստ է եղել ընդունել այն. «Սակայն ընդհանուր հայտարարի չեկան Իսպանիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները: Պարզապես վերջին պահին չկարողացան կոմպրոմիսի գնալ: Վերջին պահին ժամանեցին նաեւ բոսնիացիները եւ նույնպես չհամաձայնվեցին խաղացանկի հետ», - ասաց Մելիքբեկյանը:

Թուրքիայի պատվիրակությունը բանակցություններին ներկայացել է 4 հոգով, որի կազմում եղել է նաեւ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիխ Տերիմը: Թեեւ Հայաստանի եւ Թուրքիայի տարբեր տարիքային հավաքականնեի միջեւ այս տարի մի շարք հանդիպումներ են կայանալու, սակայն ըստ Արմեն Մելիքբեկյանի որեւէ լրացուցիչ խոսակցություն այս կապակցությամբ չի եղել. «Շատ լավ հարաբերություններ են եղել Թուրքիայի պատվիրակության հետ, եւ մենք նրանց հետ պայմանավորել էին մեր խաղերի օրերը շատ նորմալ օրերի: Բացառձակապես խնդիր չունենք նրանց հանդիպումների մասին լրացուցիչ քննարկումներ ծավալելու»:

Այժմ ընտրական 5-րդ խմբի մասնակիցները սպասում են ՖԻՖԱ-ի հունվարի 16-ին անցկացվելիք վիճակահանությանը, որի ժամանակ էլ կորոշվի խաղացանկը: