Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԴՐՎԵԼՈՒ

Սպորտ

Հայաստանի նախորդ առաջնության վերջնամասը վերելքով անցկացրած «Ուլիսը» արդեն մի քանի շաբաթ է սկսել նախապատրաստվել գալիք մրցաշրջանին: Թիմը պատրաստվում է 3 ուսումանամարզական հավաք անցկացնել մինչեւ պաշտոնական հանդիպումների մեկնարկը: Հավաքներից մեկը տեղի կունենա արտասահմանում:

«Այսօրվա մեր նախապատրաստական աշխատանքների հիմքը դեռեւս մնում է թիմի կոմպլեկտավորումը: Ցանկանում ենք էլ ավելի ուժեղացնել, որպեսզի հետագայում ավելի մեծ խնդիր դնենք թիմի առջեւ: Դա միայն մարզչական շտաբի նախաձեռնությունը չէ, դա գալիս է ակումբի ղեկավարության նախաձեռնությունից», - նշեց «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը: Թիմի կոմպլեկտավորման խնդիրը դեռ լուծված չէ, եւ որոշակի հստակություն կլինի առաջիկա ուսումնամարզական հավաքից հետո, որը կկայանա Երեւանում կամ Արարատի «Այգ» մարզաբազայում:

«Ուլիսը» կունենա նաեւ 2-րդ թիմ, որը «Շենգավիթ» անունով հանդես կգա առաջին խմբի առաջնությունում. «Մեզ մոտ կա այսպիսի սկզբունք. բոլոր մարզիչներովս զբաղվում ենք թե «Ուլիսի», թե «Ուլիսի-2»-ի` «Շենգավիթի» մարզումային գործընթացով: Սա սկզբունք է ինձ համար եւ այն պահպանել եմ` անկախ նրանից, թե որտեղ եմ աշխատել», - ասաց Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը:

Այսպիսով «Ուլիսը» կունանա նաեւ կադրեր պատրաստելու հնարավորություն եւ «Շենգավիթը» դարձել է ակումբի մարզադպրոցը: Բացի այդ առաջին խմբի մասնակիցների քանակը կավելանա եւս մեկով, որը ուրախալի իրադարձություն է սակավաթիվ թիմեր ունեցող առաջին խմբի համար:

Սուրեն Բարսեղյանի կարծիքով դեռ վաղ է խոսել թիմի կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Մարզիչը գտնվում է, որ այս հարցի պատասխանը կտան ուսումնամարզական հավաքները:

Խոսելով նախորդ մրցաշրջանի մասին` «Ուլիսի» գլխավոր մարզիչը ընդգծեց, որ տպավորությունները երկակի են. «Առաջին շրջանում թիմը դժգույն տպավորություն էր թողնում: Թե ղեկավարության, թե մարզչական շտաբի կողմից կատարված համապատասխանաբար աշխատանքից հետո շտկումներ եղան, խաղամակարդակը բարելավվեց: Դրա հետ միասին արդյունքներն էլ կարգավորվեցին. վերջին 12 խաղերում թիմը 7 անգամ հաղթել էր , 4 հանդիպում ավարտել ոչ-ոքի եւ միայն մեկ պարտություն կրել ապագա չեմպիոնից»: Ելնելով այս արդյունքներից «Ուլիսի» ղեկավարությունը ցանկացել է մարտունակ թիմ ստեղծել եւ ավելի մեծ խնդիրներ լուծել: Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում «Ուլիսը» ընդամենը նախավերջին 7-րդ հորիզոնականը գրավեց: