ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐՄԱՑՆԵԼ
Աջակցիր «Ա1+»-ին14-ամյա շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է հաջող հանդես գալ շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում: Պատանի շախմատիստը 3 հնարավորից վաստակել է 2.5 միավոր:
Այսօր կայացած 3-րդ տուրում Տեր-Սահակյանը սպիտակներով առավելության հասավ Արման Փաշիկյանի նկատմամբ: Ընդհանրապես այս տուրը բավական արդյունավետ էր, եւ ոչ-ոքի գրանցվեց միայն Զավեն Անդրեասյան-Սմբատ Լպուտյան պարտիայում: Լպուտյանի համար սա 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր: Առաջատար Տիգրան Պետրոսյանը կրկին հաղթանակ տոնեց` այս անգամ սեւերով հաղթելով կանանց Հայաստանի հավաքականի մարզիչ Արսեն Եղիազարյանին:
Պարտություն կրեց նաեւ տղամարդկանց հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, որը սեւերով զիջեց Արա Մինասյանին: Աշոտ Անաստասյանը սպիտակներով առավելության հասավ երիտասարդ Լեւոն Բաբուջյանի նկատմամբ, իսկ Արտաշես Մինասյանը հաղթեց Տիգրան Քոթանջյանին:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Տիգրան Պետրոսյանը, որին 2.5-ական միավորով հաջորդում են Արա Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Արտաշես Մինասյանը: Առայժմ միավոր չեն վաստակել Տիգրան Նալբանդյանը եւ Տիգրան Քոթանջյանը: