Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՍԿՍԵՆ ՄԱԼԹԱՅԻՑ

Սպորտ

Փետրվարի 2-6-ը Մալթայում 4 հավաքականների մասնակցությամբ կկայանա ավանդական միջազգային մրցաշար: Մրցաշարին կմասնակցի նաեւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Մեր ընտրանու մրցակիցները կլինեն Մալթայի, Բելառուսի եւ Իսլանդիայի հավաքականները: Մրցաշարը անցկացվում է 14-րդ անգամ:

Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջո Միֆսուդը նշել Է, որ իրենց պատրաստ են բարձր մակարդակով անցկացնել մրցաշարը, եւ մասնակիցները քաջ ծանոթ են մալթացիներին: Մասնավորապես Հայաստանի հավաքականի հետ Մալթան սեփական հարկի տակ ընկերական հանդիպում է անցկացրել 2007թ. սետպեմբերի 12-ին: Յան Պորտերֆիլդի մահից 1 օր անց կայացած այս խաղում Հայաստանի ընտրանին հաղթել է 1:0 հաշվով: Նույն հաշվով Հայաստանի հավաքականի Մալթային հաղթել է նաեւ 1994թ. Երեւանում կայացած ընկերական խաղում:

Հայաստանի հավաքականը 2-ական հանդիպում է անցկացրել նաեւ Բելառուսի եւ Իսլանդիայի հավաքականների հետ: Բելառուսների հետ Հայաստանը հանդիպել է 2002թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Մինսկում Վարուժան Սուքիասյանի թիմը զիջեց 1:2 հաշվով, իսկ Երեւանում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Իսլանդիայի հետ հանդիպումները կայացել են «Եվրո-2000»-ի ընտրական փուլի շրջանակներում: Երեւանում դարձյալ գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել, իսկ Ռեյկյավիկում Սուրեն Բարսեղյանի սաները զիջել են 0:2 հաշվով:

Հայաստանի հավաքականը փետրվարի 2-ին մրցելու է Մալթայի հետ, իսկ 2 օր անց` Բելառուսի: Մրցաշարի վերջին հանդիպում Հայաստանի ընտրանին փետրվարի 6-ին կանցկացնի Իսլանդիայի հետ: Կազմակերպիչները արդեն վաճառքի են հանել տոմսերը, որոնք արժեն 5-25 եվրո:

Այս մրցաշարով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստվել 2010թ աշխարհի առաջնության ընտրական փուլին, որը մեկնարկում է սեպտեմբերի 6-ին: Առայժմ հայտնի չէ, թե ով է գլխավորելու Հայաստանի ազգային թիմը: