Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԱՎԱԳՈւՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Սպորտ

Հայաստանում գործող օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերից 2007թ. հաջող էր հատկապես ծանրամարտի համար: Հայ ծանրորդները միշտ էլ հաջող են հանդես եկել միջազգային ասպարեզներում, սակայն այս տարին լավագույններից մեկն էր:

Ծանրամարտը այսօր այն եզակի մարզաձեւերից է, որտեղ նաեւ հավասարապես հաջող են հանդես գալիս թե կանայք, թե տղամարդիկ, որի շնորհիվ մեդալների քանակը անհամեմատ շատ է քան մյուս մարզաձեւերում:

Տարվա ամենամեծ հաջողությունը Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականի ունեցած փայլուն հաջողությունն էր: Հայաստանը առաջին անգամ թիմային պայքարում գրավեց առաջին հորիզոնականը ` իրենից ետ թողնելով մի շարք ուժեղ հավաքականների: Բնականաբար, նման արդյունք միայն տղամարդկանց ելույթներով հնարավոր չէր ապահովել: Կանանց պայքարում 63կգ քաշայինների պայքարում երկամարտի 243կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեց Մելինե Դալուզյանը: 69կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացավ Նազիկ Ավդալյանը, իսկ 75կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Տղամարդկանց պայքարում փոխչեմպիոնի կոչմանը արժանացավ 69կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը եւ 77կգ Արա Խաչատրյանը, իսկ 77կգ քաշային Գեւորգ Դավթյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ուրախալին հատկապես այն է, որ մարզիկները բավական երիտասարդ են եւ դեռ երկար ժամանակ պաշտպանելու են Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզներում: Միանգամից 18 մեդալ, որից 10 ոսկե: Այսպիսի բարձր արդյունքով կարելի է միայն հպարտանալ:

Բայց Թայլանդում կայացած աշխարհի առաջնությունը ցույց տվեց, որ Եվրոպայի առաջնությունում նվաճված մեդալները ամենեւին չեն երաշխավորում մեդալների տարափ նաեւ օլիմպիական խաղերում: Աշխարհի առաջնությունում մեդալի արժանացավ միայն Գեւորգ Դավթյանը` դառնալով փոխչեմպիոն, իսկ Արա Խաչատրյանը վնասվածքի պատճառով չմեկնեց մրցավայր: Այս մրցաշարը հստակ ցույց տվեց, որ մեր ծանրորդները դեռ մեծ ծավալի աշխատանք պետք է կատարեն Պեկինից մեդալներով վերադառնալու համար: Առայժմ մեդալի ռեալ հակակնորդ կարելի է համարել Գեւորգ Դավթյանին, որը թե Եվրոպայի, թե աշխարհի առաջնությունում կայուն արդյունք ցուցադրեց, իսկ ահա մյուս մարզիկ-մարզուհիները դեռ կայուն ելույթներով աչքի չեն ընկնում: Բացի այդ կանայք դեռ պետք է պայքարեն օլիմպիական վարկանիշներ ձեռք բերելու համար, քանի որ առայժմ ընդամենը 1 ուղեգիր են նվաճել: Տղամարդկանց պայքարում նման խնդիր չկա, քանի որ Հայաստանը արդեն 5 ուղեգիր է ապահովել:

Հայ ծանրորդները մեդալների հարուստ պաշարով վերադարձան նաեւ Եվրոպայի երիտասարդական առաջնությունից, որը անցկացվեց Իսպանիայի Տեներիֆե քաղաքում: Այստեղ չեմպիոնի կոչումը նվաճեցին 69կգ քաշային Արայիկ Միրզոյանը եւ 75 կգ Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ 63կգ Մելինե Դալուզյանը եւ գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը դարձան արծաթե մեդալակիրներ:

Հայկական ծանրամարտի համար մեծ կորուստ էր հավաքականի երկրորդ մարզիչ Խաչատուր Քյափանակցյանի մահը: Աշխարհի ռեկորդակիր եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Քյափանակցյանը վերջին տարիներին մարզչական գործունեություն էր իրականացնում եւ հավականում օգնում էր գլխավոր մարզչին: Նվաճված մեդալներում իր լուման ունի նաեւ Խաչատուրը, որը մեծ ոգեւորությամբ իր փորձն էր հաղորդում երիտասարդներին: Սեպտեմբերի 30-ին Քյափանակցյանը վախճանվեց ավտովթարի արդյունքում:

Ավելորդ չէ նշել նաեւ, որ ծանրամարտը շախմատի հետ միասին դարձավ տարվա ամենաքաղաքականացված մարզաձեւնը: Եվրոպայի առաջնությունից հաղթանակած վերադառնալուց հետո որոշ ծանրորդները Հայաստանի եռագույնի փոխարեն օդանավակայանում թափահարում էին ԲՀԿ-ի դրոշը, ինչը շատ տգեղ էր եւ անթույլատրելի: