Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՐԱՆՑ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՊԵՏՔ ՉԷ՞

Սպորտ

Հայկական մի շարք ակումբների գլխավոր մարզիչներ կրկին չեն ցանկանում ստանալ ՈւԵՖԱ-ի Բ կարգի մարզչական արտոնագիր, առանց որի նրանց իրավունք չեն ունենա հաջորդ տարի աշխատել Հայաստանի առաջնությունում:

Արդեն տեղեկացրել էինք, որ նման խնդիր ունեն «Ուլիս», «Գանձասար», «Միկա» եւ «Շիրակ» ակումբները: Այս թիմերի գլխավոր մարզիչները եւ ակումբի ներկայացուցիչները մեր նախորդ հրապարակումից հետո հավաստիացրեցին, որ շուտով պատրաստվում են ստանալ արտոնագիր, որի համար անհրաժեշտ է մասնակցել ՀՖՖ-ի կազմակերպած դասընթացներին:

Դասընթացները մեկնարկել են դեկտեմբերի 15-ին, սակայն դրանց մասնակցել է միայն «Շիրակի» գլխավոր մարզիչ Ժորա Բարսեղյանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՖՖ-ի ուսումնամեթոդական բաժնի պետ Արամ Գրիգորյանը` ավելացնելով, որ արտոնագիր պետք է ստանա նաեւ «Դինամո» ակումբի գլխավոր մարզիչը: Հիշեցնենք, որ «Դինամոն» բարձրագույն խմբի ուղեգիր է նվաճել եւ 2008թ. պետք է հանդես գա ուժեղագույնների պայքարում:

«Միկա» ակումբում դժվարացան պատասխանել, թե ինչու Արկադի Անդերասյանը չի մասնակցում արտոնագրման դասընթացներին: Ակումբում այս հարցը որակավորեցին «շատ բարդ խնդիր»: Արտոնագիր չունեն նաեւ Սուրեն Բարսեղյանը «Ուլիսից» եւ Սամվել Պետրոսյանը «Գանձասարից»:

Ի դեպ, այս մարզիչները արտոնագիր չստանալու դեպքում լուրջ խնդիրների առջեւ կկանգնեցնեն նաեւ իրենց ակումբներին: Ըստ ՈւԵՖԱ-ի նոր կանոնադրության` ակումբները իրավունք չունեն մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը, եթե չունեն արտոնագրված մասնագետ: Հարցը կարգավորելու համար վերը նշված ակումբներին բազմիցս նամակներ են ուղարկել ՀՖՖ-ի տարբեր բաժինների ղեկավարներ, ինչպես նաեւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Բայց ակումբները շարունանում են անդրդվելի մնալ: