ԴԵՌ ԱՆՓՈՐՁ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին2007թ. հայկական բասկետբոլի համար նշանավորվեց առաջին հերթին միջազգային ասպարեզ դուրս գալով: Բացի այդ մրցաշրջանը ակումբների համար տեւեց ոչ թե 1-2 ամիս, այլ ողջ տարին նրանք հնարավորություն ունեցան խաղային պրատիկա ունենալ, քանի որ առաջնությունները անցկացվեցին նոր կանոնակարգով:
Շուրջ 12 տարի է`Հայաստանի մինչեւ 16 եւ18 տարեկանների տղամարդկանց հավաքակաները չէին մասնակցել Եվրոպայի ընտրական փուլի հանդիպումներին: Այս մեծ ընդմիջումից հետո այս տարի վերջապես հնարավոր եղավ կրկին դուրս գալ Եվրոպա, առանց որի մարզաձեւի զարգացման մասին խոսելն անիմաստ է: Պետք է ընդգծել, որ այս ամենին աջակցեց ՖԻԲԱ-ն` բասկետբոլի միջազգային ֆեդերացիան, առանց որի հատկացրած լուրջ ֆինանսկական միջոցների հնարավոր չէր լինի կազմակերպել ուղեւորություն պատանեկան հավաքականների համար:
Ինչեւէ թե 16, թե 18 տարեկանները մասնակցեցին Եվրոպայի Բ դիվիզիոնի հանդիպումներին եւ ինչպես սպասվում էր` պարտվեցին բոլոր հանդիպումներում: Ընտրական հանդիպումները հստակ ցույց տվեցին, թե ինչ խնդիրներ ունի հայկական բասկետբոլը: Մասնավորապես այսօր մեր հավաքականներին անհրաժեշտ են ատլետիկ տվյալներով խաղացողներ: Բ դիվիզիոնում ընդգրկված մյուս հավաքականները ունեին առզնվազն 5-6 խաղացող, որոնց հասակը գերազանցում է 2 մետրը, իսկ Հայաստանի հավաքականում նման հասակով խաղացողները 1-2-ն են: Բացի այդ մեր պատանիները անփորձ էին եւ չէին կարող հավասար պայքար մղել, օրինակ` Հոլանդիայի դեմ, որը տարեկան մի քանի տասնյակ միջազգային հանդիպումներ է անցկացնում, իսկ մինչ այս կանոնավոր կերպով մասնակցել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլերին: Ավելորդ է խոսել նաեւ այն մասին, որ Հոլանդիայիում պետբյուջեից բասկետբոլին հատկացվում է 2.5 մլն եվրո, իսկ Հայաստանում 18 մլն դրամ: Ստացվում է, որ այսօր հայկական բասկետբոլի միակ հույսը ՖԻԲԱ-ն է եւ հովանավորները, որոնց թիվը այսօր բավական քիչ է:
Այս տարի ակտիվություն ցուցաբերեցին ակումբները, որոնցից շատերըմ իրենց առջեւ բարձր խնդիրներ դնելով, մենք ջանքեր թափեցին արդյունքի հասնելու համար: Մասնավորապես տղամարդկանց պայքարում չեմպիոնության համար հավասար պայքար մղեցին 4 թիմեր, եւ ի վերջո հաղթեց «Պոլիտեխնիկը»` եզրափակիչում առավելության հասնելով ՖԻՄԱ-ի նկատմամբ: Վերջինս համալրված է մի շարք տաղանդավոր երիտասարդներով, եւ հաջորդ տարի արդեն լրջորեն կհավակնի չեմպիոնությանը: Լավ տպավորություն թողեցին նաեւ «Գյումրի» եւ ԵՊՀ թիմերը: Այս չորս թիմերի միջեւ ընթացած թեժ պայքարը առաջնությանը հաղորդեց մեծ հետաքրքրություն, եւ պատահական չէ, որ մարզադահլիճները կրկին լեփ-լեցուն էին հանդիսականներով: Այս ինտրիգը հաջորդ տարի պահելը արդեն իսկ հաջողություն կլինի, սակայն շատ կարեւոր է, որ առաջ գան նաեւ եւս մի քանի թիմեր, որոնք կկարողանան միավորներ խլել առաջատարներից:
Կանանց պայքարում նման թեժ պայքար ընթացավ միայն երկու թիմերի միջեւ` «Գրանդ Քենդիի» եւ ԳՄԻ-ի: «Գրանդ Քենդին» ունենալով հուսալի հովանավոր եւ լավ պայմաններ` նախորդ առաջնություններում հաղթում էր մեծ առավելությամբ, սակայն այս տարի զիջեց դիրքերը, եւ չեմպիոնի կոչումը նվաճեց ԳՄԻ-ին: Ընդհանրապես` կանանց բասկետբոլը Հայաստանում գնալով ամեն մեծ հեռանկար է ունենում, քանի որ այս չկա բանակի խնդիր, բացի այդ մեր հանրապետությունում կանանց բասկետբոլը ավելի մեծ նվաճումներ է ունեցել: Պատահական չէ, որ այսօր հայ բասկետբոլիստուհիներից մի քանիսը հանդես են գալիս հարեւան Իրանում, իսկ եւս 2 մարզուհի ելույթ է ունենում Գերմանիայում: Մոտ ապագայում դա հնարավորություն կտա ստեղծել նաեւ Հայաստանի կանանց ազգային հավաքական: Իսկ Հայաստանի աղջիկների հավաքականը չկարողացավ մասնակցել Եվրոպայի 2007թ. առաջնությանը Իտալիայի դեսպանատան հետ ունեցած հայտնի խնդիրիների պատճառով: Տարվա ամենամեծ հիասթափությունը հենց այս իրադարձությունն էր: Իտալացիները թույլ չտվեցին մինչեւ 16 տարեկանների հավաքականին մեկնել Իտալիա եւ երկարատեւ ընդմիջումից հետո մասնակցել ընտրական հանդիպումների: