ԱՐԴԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈւՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական ակումբներից առաջինը արձակուրդից վերադարձել է Երեւանի «Բանանցը»: Թիմը մարզիչ Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ արդեն սկսել է մարզումները, իսկ գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոտսովը Բուլղարիայից կվերադառնա հունվարին: «Բանանցի» կարճ արձակուրդը պայմանավորված է նրանով, որ թիմը հունվարին մասնակցելու է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների միջեւ անցկացվող «Համագործակցության գավաթի» խաղարկությանը:
Ակումբի մամուլի քարտուղարությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ մեծ է հավանականությունը, որ «Բանանցը» մինչեւ «Համագործակցության գավաթի» մեկնարկը համալրվի արտասահմանցի ֆուտբոլիստներով: Հայաստանի փոխչեմպիոնի կազմում վերջին տարիներին հիմնականում հանդես են գալիս ուկրաինացի լեգերոներ: Ներկայումս էլ «Բանանցում» իրենց ելույթներն են շարունակում Անդրեյ Չերեւկոն եւ դարպասապահ Դիմտրի Պիվովարենկոն, ինչպես նաեւ աֆրիկացի Նաո Կասուլեն:
Ներկայումս «Բանանցի» կազմում վնասվածքներ ունեն Արամ Բարեղամյանը, Ռոմեո Ջենեբյանը եւ Հովհաննես Գրիգորյանը: Այլեւս թիմում են Նենադ Ռադաչան, Արամ Հակոբյանը եւ Սուրեն Սարգսյանը: «Բանանցի» առաջատարներ Սամվել Մելքոնյանը եւ Արարատ Առաքելյանը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կտեղափոխվեն արտասահմանյան թիմեր:
Հիշեցնենք, որ «Համագործակցության գավաթի» խաղարկության խմբային մրցաշարում «Բանանցը» կմրցի բելառուսական ԲԱՏԵ-ի, Կիեւի «Դինամոյի» եւ Տաշկենդի «Պախտակորի» հետ: Առաջին տուրում «Բանանցը» կհանդիպի ԲԱՏԵ-ի հետ, այնուհետեւ հայ ֆուտբոլիստները կմրցեն «Պախտակորի» հետ, իսկ խմբային մրցաշարի վերջին խաղում ուժերը կչափեն «Դինամոյի» հետ, որը Սանկտ Պետերբուրգ է ուղարկելու իր երկրորդ կազմը: