ՀԱՎԱԿԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին տարիներին որպես կանոն Հայաստանի լավագույն մարզիկ էին ճանաչվում շախմատիստները: Բոլոր հիմքերը կան, որ այս ավանդույթը խախտվի 2007թ. արդյունքներով:
Մի քանի օրից սպորտկոմիտեի լրատվականը կհրապարակի լրագրողների հարցման արդյունքը, եւ վստահաբար կարելի է ասել, որ այս անգամ հաղթողը կլինի այլ մարզաձեւից` մասնավորապես ծանրամարտից:
2007թ. հայկական սպորտում գրանցված ամենամեծ նվաճումը, դա ծանրամարտիկ Գեւորգ Դավթյանի արծաթե մեդալն էր աշխարհի առաջնությունում եւ ոսկե մեդալը Եվրոպայում: Այս ցուցանիշով Դավթյանը գրեթե ապահվում է լավագույնի կոչումը Հայաստանում: Մյուս մարզիկներից ոչ ոք մեդալների նման հարուստ պաշար չունի: Ծանրամարտում Հայաստանը այս տարի ունեցել է բազմաթիվ այլ մեդալներ, որոնք հիմնականում նվաճվել են Եվրոպայի առաջնությունում, իսկ ահա աշխարհի առաջնությունումը Դավթյանը միակն էր, որ ձեռնունայն չվերադարձավ հայրենիք:
Ըմբիշները այս տարի ոչնչով աչքի չընկան: Թերեւս կարելի է առանձնացնել Բաքվում աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացած Յուրի Պատրիկեեւին: Ընդհանրապես վերջին տարիներին ըմբիշները աշխարհի առաջնությունում բավական անհաջող են հանդես գալիս եւ պատահական չէ, որ լավագույն տասնյակում այս մարզաձեւի ներկայացուցիները թիվը այնքան էլ շատ չէ: Ինչպես միշտ լավագույն տասնյակում հայտնվելու հնարավորություններ գրեթե չունեն ֆուտբոլիստները: Թեեւ ֆուտբոլը մեր հանրապետությունում ամենամեծ մասսայականություն վայելով մարզաձեւն է, սակայն շոշափելի հաջողությունների բացակայության պատճառով հայ ֆուտբոլիստները մի տեսակ անտեսված են լավագույնի հարցման ժամանակ: Ավելի անմխիթար է վիճակը մյուս թիմային մարզաձեւերում: Եթե Ռոման Բերեզովսկին 2002թ. հայտնվեց լավագույն տասնյալում Հայաստանի հավաքականում ցուցադրած հաջող խաղի շնորհիվ, ապա թիմային մյուս մարզաձեւի ներկայացուցիները նման բախտի չեն արժանացել:
Շախմատիստներից լավագույն տասնյակում հայտնվելու հնարավորություն ունեն թերեւս միայն Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Որքան էլ Արոնյանը անհաջող մրցաշրջան անցկացրեց, ամեն դեպքում չպետք է մոռանալ, որ հունվարին նա հաղթել էր Վեյկ ան Զեեի սուպեր մրցաշարում: Իսկ Գաբրիել Սարգսյանը Հայաստանի հավաքականի կազմում հիանալի ելույթ էր ունեցել Եվրոպայի առաջնությունում, որտեղ նա բավական արդյունավետ խաղ ցուցադրեց, իսկ Հայաստանը գրավեց 2-րդ հորիզոնականը:
Երրորդ տարին անընդմեջ կորոշի նաեւ տարվա լավագույն թիմը: Այստեղ լավագույնի կոչմանը հավակնում է ծանրամարտի Հայաստանի հավաքականը, որը Եվրոպայի 2007թ. առաջնությունում դարձավ առաջինը: Ծանրորդների միակ լուրջ մրցակիցը Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն է: