Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՂԹՈՂԻ ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ»

Սպորտ

Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկը» ընթացիկ մրցաշրջանում 2 մարզիչ ունեցավ: Սկզբում թիմը գլխավորում էր Սամվել Պետրոսյանը, սակայն փորձառու մասնագետը մայիսին հրաժարական տվեց, որից հետո չեմպիոն թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց ավելի երիտասարդ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Վերջինիս համար սա 1-ին չեմպիոնական տիտղոսն էր: Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց, որ թեեւ այսօր «Փյունիկը» «Արարատին» հաղթեց խոշոր 4:1 հաշվով, սակայն հանդիպման սկզբնամասը բավական ծանր ստացվեց. «Վերջին 7 օրերի ընթացքում սա մեր 3-րդ հանդիպումն էր: Խաղի սկիզբ լավ չդասավորվեց մեզ համար եւ գոլ բաց թողեցինք: Դրանից հետո համախմբվեցինք եւ կազմակերպված ֆուտբոլ խաղացինք: Հակագրոհները ստացվեցին եւ խփած 3 գոլերից հետո հեշտացավ խաղը:

Ուզում եմ ընդգծել տղաների մարտական ոգու գործոնը, որ մինչեւ վերջ պայքարեցին եւ հասան ցանկալի արդյունքին»: Գյուլբուդաղյանցը խոսելով թիմի չեմպիոնության մասին ասաց, որ թիմի ֆուտբոլիստների մոտ հաղթողի հոգեբանություն է ձեւավորվել. «Մեր թիմի միշտ էլ եղել է նախաձեռնողի դերում: Տղաների մոտ արդեն հաղթողի մենթալիտետ կա եւ բացի չեմպիոնությունից ուրիշ բանի մասին չեն մտածում, իսկ ֆուտբոլում այդ վստահությունը շատ կարեւոր է»:

Նախորդ տարիներին «Փյունիկը» առաջնության ավարտից մի քանի տուր առաջ էր ապահովում չեմպիոնի կոչումը, սակայն այս տարի դա հնարավոր եղավ միայն վերջին տուրից առաջ: Ըստ Գյուլբուդաղյանցի` դա վկայում է այն մասին, որ մյուս թիմերը առաջընթաց են ապրել. «Մնացած թիմերի իրոք այս տարի շատ լավ էին նախապատրաստվել: Թիմերը մարտական էին տրամադրված եւ պայքարում էին բարձր տեղերի համար: Միայն նման լարված իրավիճակում ֆուտբոլիստների մոտ աճ կարող է լինել»:

Վերջին տուրում «Փյունիկը» Գյումրիում մրցելու է «Շիրակի» հետ: Արմեն Գյուլբուդաղյանցը հայտնեց, որ «Փյունիկի» համար ոչինչ չորոշող այս խաղում հնարավոր է հանգիստ տրվի այն ֆուտբոլիստներին, որոնք ազգային հավաքականի կազմում մասնակցելու են նոյեմբերի 17-ին եւ 21-ին կայանալիք ընտրական հանդիպումներին: