Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՉՊԱՐՏՎԵԼ «ԱՐԱՐԱՏԻՆ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր ամենայն հավանականությամբ հայտնի կդառնա չեմպիոնի անունը: Գործնականում պարզ է, որ այդ կոչմանը արժանանալու է «Փյունիկը», սակայն Արմեն Գյուլբուդաղյանցի սաները հնարավորություն ունեն պաշտոնապես 7-րդ անգամ անընդմեջ դառնալ Հայաստանի չեմպիոն:

Խնդիրը լուծելու համար այսօր «Փյունիկին» անհրաժեշտ է «Նաիրի» մարզադաշտում չպարտվել «Արարատին»: 4-րդ շրջանի հետաձգված այս մրցավեճը պետք է կայանար հոկտեմբերին, սակայն Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների հանդիպումների պատճառով հետաձգվեց: «Արարատին» եւս հաղթանակ է անհրաժեշտ, քանի որ թիմը պայքարում է արծաթե մեդալների համար:

Այժմ արարատցիները 1 միավորով զիջում են 2-րդ տեղում ընթացող «Բանանցին»: Եթե այս մրցավեճում «Արարատը» չկարողանա հաղթել, ապա «Բանանցին» կարելի է շնորհավորել արծաթե մեդալների համար, քանի որ թիմը վերջին տուրում մրցելու է «Կիլիկիայի» հետ եւ առանձանպես մեծ խնդիրներ չի ունենա այդ խաղում:

Այսօր կկայանա եւս մեկ հետաձգված մրցավեճ, որում կհանդիպեն «Բանանցի» եւ «Միկայի» ֆուտբոլիստները: «Բանանցը» դեռ տեսականորեն չեմպիոն դառնալու հնարավորություն պահպանում է, ուստի այս մրցավեճում հաղթանակը ավելի շատ անհրաժեշտ է Նիկոլայ Կոստովի սաներին: Իսկ «Միկան» դեռ բրոնզե մեդալների համար է պայքարում, թեեւ դա խիստ անհավանական է: