ՌՈւՍԱՍՏԱՆԻՑ ԿՐԱԾ ՊԱՐՏՈւԹՅՈւՆԸ ՎՃՌՈՐՈՇ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀունաստանում ավարտված Եվրոպայի առաջնությունում Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները, ինչպես հայտնի է, նվաճեցին արծաթե եւ բրոնզե մեդալներ:
Տղամարդկանցից սպասելիքները ավելի մեծ էին: Համաշխարհային օլիմպիադայում հաղթած Հայաստանի հավաքանը Եվրոպայի առաջնությունում ֆավորիտների թվում էր, եւ շախմատային հասարակության համար ամենեւին էլ անակնկալ չէր լինի, եթե մեր թիմը նվաճեր ոսկե մեդալներ: Նման հաջողության հասնելու համար Հայաստանին 1-ին հերթին անհրաժեշտ էր հաղթել հիմնական մրցակցին` Ռուսաստանի հավաքականին: Սակայն հայ գրոսմայստերները արդեն 2-րդ տուրում 1.5:2.5 հաշվով զիջեցին ռուսներին եւ արդեն պարզ էր, որ չեմպիոն դառնալը գործնականում անհնար է:
2006թ. համաշխարհային օլիմպիադայում Հայաստանը հաղթեց քանի որ կարողացավ հաջողության հասնել նաեւ Ռուսաստանի հետ մրցավեճում: Ուսումնասիրելով նախորդ տարիներին կայացած բոլոր թիմային նմանատիպ մրցաշարերի վիճակագրությունը կհամոզվենք, որ Ռուսաստանը որպես կանոն դառնում է չեմպիոն, կամ հենց նրա մասնակցությամբ հանդիպումներում է որոշվում 1-ին հորիզոնականի ճակատագիրը: Այս անգամ ռուսները իրենց բարձրության վրա էին եւ անցկացրած 9 հանդիպումներում 8 հաղթանակ տոնեցին եւ ընդամենը 1 հանդիպում ավարտեցին ոչ-ոքի: Թիմային 17 միավորով Ռուսսատանի հավաքականը նախքան վերջին տուրը ապահովել էր չեմպիոնի կոչումը:
Իսկ Հայաստանի հավաքականը, թեեւ գրավեց 2-րդ հորիզոնականը, սակայն իր հնարավորություններից մի փոքր ցածր հանդես եկավ: Մասնավորապես 1-ին խաղատախտակի վրա հանդես եկող Լեւոն Արոնյանը, որը ընդամենը 1 հաղթանակ տոնեց անցկացրած 8 պարտիաներում: Արոնյանը 8 մրցակիցներից միայն ադրբեջանցի Շաքիրյար Մամեդյարովն էր իր վարկանիշով գերազանցում հայ շախմատիստին, իսկ մնացած 7-ը ավելի ցածր վարկանիշներ ունեին:
Իր հնարավորություններից ցածր հանդես եկավ նաեւ Վլադիմիր Հակոբյանը, որը 2 շատ ցավալի պարտություն կրեց, որոնք Հայաստանին 2 միավորի կորուստ պարգեւեցին: Փոխարենը բավական հաջող հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը: 3-րդ խաղատախտակի վրա Սարգսյանը մասնակցեց բոլոր 9 հանդիպումներին եւ վաստակեց 6.5միավոր: Գաբրիելը եւս 3 շախմատիստները հետ ցույց տվեց առաջնությունում լավագույն արդյունքը:
Հաճելիորեն զարմացրեց Հայաստանի կանանց հավաքականը: Մեր թիմը իր վարկանիշով Եվրոպայի առաջնությունում ընդամենը 10-րդն էր, սակայն հայ շախմատիստուհիները կարողացան նվաճել բրոնզե մեդալներ: Հայաստանի կազմում ինչպես միշտ հաջող հանդես եկավ Էլինա Դանիլյանը, որը 9 պարտիաներում վաստակեց 6.5 միավոր: 5.5-ական միավոր վաստակեցին Լիլիթ Մկրտչյանը եւ Նելլի Աղինյանը:
Այս 3 շախմատիստուհիները հանդես էին գալիս 1-ին 3 խաղատախտակների վրա, իսկ ահա 4-րդ խաղատախտակում Հայաստանը լուրջ խնդիրներ ունեցավ, քանի որ այնտեղ հանդես եկող Սիրանուշ Անդրեասյանը եւ Լիանա Աղաբեկյանը միասին ընդամենը 3 միավոր վաստակեցին: Հայաստանը կարողացավ առաջ անցնել Վրաստանի, Հունգարիայի եւ Ուկրաինայի հավաքականներից, որոնք մեդալի ռեալ հավակնորդներ էին: