«ԵՐԵՎԱՆ ՅՈւՆԱՅԹԵԴԸ» ԿՎԵՐԱԴԱՌՆԱ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն մի քանի ամիս է` չի գործում «Երեւան Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը, որը 2005թ. հիմնադրել էր ավստրալահայ Տիգրան Հովիվյանը: Սկիզբը բավական խոստումնալից էր, քանի որ թիմում լուրջ աշխատանքներ էին սկսվել եւ մի քանի ամսում «Երեւան Յունայթեդը» ձեռք էր բերել երկրպագուների կայուն բանակ:
Ֆինանսական խնդիրների պատճառով թիմը չկարողացավ շարունակել իր ելույթները, սակայն ակումբի պաշտոնական կայքը` www.yerevanunited.com -ը շարունակում է գործել:
«Ա1+»-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք ակումբը առաջիկայում կարող է վերծնվել: Այս հարցին պատասխանեց «Երեւան Յունայթեդի» հիմնադիր եւ նախագահ Տիգրան Հովիվյանը. «Մեր կայքը գործում է եւ շարունակելու է գործել, իսկ ֆուտբոլային ակումբը վերադառնալու է անպայման: Թե ե՞րբ` կարող եմ ասել դա 2008թ. տեղի չի ունենա, բայց ի վերջո վերադառնալու ենք հայկական ֆուտբոլ»:
Ըստ Հովիվյանի` ներկայումս ինքը աշխարհի տարբեր ծայրերից նամակներ է ստանում «Երեւան Յունայթեդի» երկրպագուներից, որոնք հավատով սպասում են թիմի վերադարձին. «2005թ. մենք արիթ չունեցանք իրականացնել մեր բոլոր ծրագրերը, բայց կարողացանք մի փոքր շարժել հայկական ֆուտբոլի սիրահարների սրտերը: Կարողացանք փաստել եւ հավատացնել շատերին, որ մենք էլ կարող ենք անել այն, ինչը որ անում են Եվրոպայում կամ Ամերիկայում: Դեռ ավելին, կարող ենք անել ավելի լավը: Ամենակարեւորը նախ հավատալն է, որ դա հնարավոր է: Դժբախատաբար ֆինանսական պատճառներով չկարողացանք շարունակել մեր ճանապարհը»:
Հիշելով 2005թ. «Երեւան Յունայթեդի» բացման հանդիպումը` Տիգրան Հովիվյանը ասաց. «Բավական զարմացած էի, երբ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում այդքան ֆուտբոլասեր տեսա 1-ին խմբի մասնակից թիմի հանդիպմանը: Ես պաշտում եմ իմ հայրենիքը եւ հավատում եմ հայկական ֆուտբոլին եւ նրա պոտենցիալին»: Ներկայումս «Երեւան Յունայթեդի» նախագահը ժամանակավորապես բնակվում է Ավստրալիայում. «Իմ նպատակն է վերադառնալ Երեւան եւ վերականգնել «Երեւան Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը»: