Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԴԵՌ ՎԱՂ Է ՉԵՄՊԻՈՆՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼԸ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 2007թ. բարձրագույն խմբի առաջնությունում գործնականում պարզ է, որ հաղթելու է Երեւանի «Փյունիկը»: Սակայն թիմի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը այդպես չի կարծում եւ գտնում է, որ պետք չէ շտապել. «Դեռ առջեւում 2 հանդիպում պետք է անցկացնենք, որոնցում շատ բան կարող է փոխվել: Չեմպիոնության մասին հստակ կարելի է խոսել նոյեմբերի 7-ին «Արարատի» դեմ կայանալիք մրցավեճից հետո»: Խոսելով 27-րդ տուրի «Փյունիկ» - «Կիլիկիա» (2:0) խաղի մասին` Հենրիխը ասաց. «Նման թիմերի դեմ հանդես գալը միշտ էլ դժվար է, սակայն խփած գոլի շնորհիվ մենք կարողացանք վստահություն ձեռք բերել»: Մխիթարյանը 1-ին գոլը խփեց 11 մետրանոցի մատույցներից, երբ Լեւոն Պաչաջյանի հարվածից հետո գնդակը դիպչելով «Կիլիկիայի» պաշտպաններից մեկին հայտնվեց նրա մոտ: 2-րդ անգամ Հենրիխը հաջողության հասավ Արսեն Ավետիսյանի օգնությամբ, որը դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս բերեց երիտասարդ խաղընկերոջը: «Վերջին հանդիպումներում ես ավելի շատ գործում եմ հարձակման գծում: Դեռ հայտնի չէ, թե հաջորդ հանդիպումներում որ գծում հանդես կգամ, քանի որ մարզիչներն են որոշու», - նշեց Մխիթարյանը:

Այս տուրում Գյումրիում «Շիրակը» 0:1 հաշվով պարտվեց «Ուլիսին»: Այս հաղթանակի շնորհիվ «Ուլիսը» ընդհուպ մոտեցավ 6-րդ տեղում ընթացող «Շիրակին»: Թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը, սակայն եւս ընդգծեց, որ մրցաշարային աղյուսակում թիմը լուծելու խնդիրի չունի. «Մեր թիմը հեռանկարային թիմ պատրաստելն է եւ այս միկրո հաղթարշավը շարունակելը:

Նախորդ 11 հանդիպումներից 7 -ում մենք հաղթել ենք, 3 հանդիպում ավարտել ոչ-ոքի եւ պարտվել ապագա չեմպիոն «Փյունիկին»: «Շիրակի» հետ հանդիպումից առաջ տղաներին ասացինք, որ առանց ոգի դրսեւորելու Գյումրիից ոչ մի թիմ 3 միավորով չի հեռանում»: Գոլը «Ուլիսի» ֆուտբոլիստները խփել են ստանդարտ դիրքից խաղարկումից հետո: Աչքի է ընկել Աշոտ Գրիգորյանը: Սուրեն Բարեղյանը խոստովանեց, որ հանդիպման տրամաբանական ելքը թերեւս կլիներ ոչ-ոքին. «2-րդ կեսի միջանամասում «Շիրակը» 11 մետրանոց տուգանային հարվածի իրավունք ստացավ, սակայն Մայիս Ազիզյանը կարողացավ ետ մղել գնդակը»: