ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ ՄՐՑԱՎԵՃ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայանալու է «Բանանց» - «Արարատ» սկզբունքային մրցավեճը, որի ելքը էական նշանակություն ունի մրցանակային տեղերի համար պայքարում:
26-րդ տուրի շրջանակներում կայանալիք այս հանդիպումից առաջ «Արարատը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային այղուսակը, իսկ «Բանանցը» 46 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում:
Նախորդ 7 տուրերից 6-ում «Բանանցը» հաղթանակներ է տոնել: Այս հաջողությունները պայմանավորում են թիմի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոտսովի աշխատանքով: Ընթացիկ մրցաշրջանում «Բանանցը» բավական հաջող է հանդես գալիս «Արարատի» դեմ: Գավաթի խաղարկության եզրափակիչում «Արարատին» 3:1 հաշվով հաղթելուց հետո` «Բանանցը» 1:0 հաշվով արարատցիներին պարտության մատնեց նաեւ առաջնության շրջանակներում, երբ դեռ թիմը գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը: 2-րդ շրջանում «Արարատին» հաջողվեց ռեվանշի հասնել 2:1 հաշվով: Սա սերբ մարզիչ Դուշան Միհիչի գլխավորությամբ «Արարատի» առաջին հանդիպումն էր: Իսկ ահա 3-րդ շրջանում «Արարատը» 0:6 հաշվով զիջեց «Բանանցին», որը արդեն գլխավորում էր Կոստովը: Առջեւում 4-րդ շրջանի հանդիպումն է, իր կարեւորությամբ թերեւս չի զիջում նույնիսկ գավաթի եզրափակչին:
Կորցրած միավորներով առաջատար «Փյունիկին» ծանր ուղեւորություն է սպասվում Կապանում, որտեղ չեմպիոնը կմրցի «Գանձասարի» հետ: «Փյունիկը» հանդես կգա առանց գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի, որը մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ գտնվում է Լիտվայում: «Գանձասարը» սեփական հարկի տակ բավական հաջող է հանդես գալիս, իսկ 3-րդ շրջանում նույնիսկ հյուրընկալվելիս հաղթել է «Փյունիկին»: Այս խաղում միավորներ կորցնելու դեպքում Գյուլբուդաղյանցի սաները զգալիորեն կբարդացնեն չեմպիոնի տիտղոսը պահպանելու խնդիրը: Նախորդ 2 տուրերում «Փյունիկը» 0 միավոր է վաստակել` մրցակիցները դարպասները թողնելով անառիկ:
Մրցանակային տեղ գրավելու տեսական հնարավորություններ ունեցող «Միկան» կհյուրընկալվի վերջին տուրերում հաջող հանդես եկող «Ուլիսին»: Հաղթանակի դեպքում Արկադի Անդրեասյանի թիմը հնարավորություն կստանա զբաղեցնել 3-րդ հորիզոնականը, իսկ միավորների կորստի դեպքում` դա արդեն անհնար կլինի:
Ետնապահ «Կիլիկիան» սեփական հարկի տակ կընդունի «Շիրակին»: Այս թիմերը այլեւս ոչնչի չեն հավակնում: