ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈւՅՆ ԶԱՄԲՅՈւՂՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները առայժմ ընդգրկված են 2010թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու 5-րդ զամբյուղում: Նոյեմբերի 25-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունից առաջ Եվրոպայի 53 անդամները ըստ իրենց վարկանիշների բախշվել են 6 զամբյուղների: Հայաստանի հավաքականը Եվրոպայում իր վարկանիշով 39-րդն է եւ այժմ Սլովենիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Ավստրիայի, Լիտվայի, Ադրբեջանի եւ Լխիտենշտեյնի հավաքականների հետ ընդգրկված է 5-րդ զամբյուղում: Դա նշանակում է, որ այս հավաքականները չեն կարող լինել Հայաստանի հավաքականի մրցակիցները: Սակայն զամբյուղներում դեռ որոշ փոփոխություններ հնարավոր են, քանի որ նոյեմբերի 17-ին եւ 21-ին կայանալու են «Եվրո-2008»-ի ընտրական վերջին հանդիպումները, որոնցում հաջող հանդես գալու դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի 4-րդ զամբյուղում, ինչը հնարավորություն կտա ավելի բարենպաստ մրցակիցներ ունենալ աշխարհի առաջնության ընտրական փուլում: Նոյեմբերի 17-ին հայ ֆուտբոլիստները հյուրընկալելու են Պորտուգալիայի հավաքականին: Ոչ-ոքիի դեպքում Հայաստանը ամենայն հավանականությամբ վարկանիշային ցուցակում մեծ առաջընթաց կունենա: Նոյեմբերի 21-ին Հայաստանի մրցակիցը կլինի Ղազախստանը, որի նկատմամբ հաղթանակը առանձնապես մեծ առաջընթաց չի ապահովի, քանի որ ղազախները վարկանիշային աղյուսակում բավական ցածր դիրք են գրավում:
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ ԹԲԻԼԻՍԻՈւՄ
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Պոլիտեխնիկը» եւ մինչեւ 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 6-8-ը Թբիլիսիում կմասնակցեն հայ-վրացական մրցաշարի: Վրաստանը մրցաշարում կներկայացնեն չեմպիոն «Իմերիա-2003»-ը եւ Վրաստանի ազգային հավաքականը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը. «Վրացիները հրավեր էին ուղարկել Հայաստանի ազգային հավաքականին, սակայն նպատակահարմար չգտանք այժմ հրավիրել լեգեոներներին, ուստի որոշեցինք Թբիլիսի մեկնել երիտասարդական հավաքականով: Այստեւ հանդես եկող ֆուտբոլիստներից միայն Սարո Մարդանյանն է հանդես եկել ազգային թիմում, սակայն հնարավոր է, որ մրցաշարից հետո եւս մի քանի երիտասարդների ընդգրկենք գլխավոր հավաքականում: Մրցաշարը լավ հնարավորություն կտա երիտասարդներին ցույց տալ իրենց կարողությունները»:
Խոսելով մրցակիցների մասին` Նազարեթյանը ասաց. «Վրաստանի չեմպիոն «Իմերիա-2003»-ը լավ ակումբ է եւ իր կազմում ունի մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ: Վրաստանի հավաքականը եւս բավական ուժեւ է»: Մրցաշարի ավարտից հետո հավանական է, որ Հայաստանի ազգային հավաքականի մի քանի ընկերական հանդիպումներ անցկացնի: Ներկայումս բանակցություններ են ընթանում:
Հիշեցնենք, որ 2007թ. փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հանդիպելու է Ադրբեջանի, Չեխիայի եւ Ֆինլանդիայի հավաքականներին: