ՄԱՍՆԱԿԻ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր ՖԻՖԱ-ի կողմից հրապարակված վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 82-րդ հորիզիոնականը: Նախորդ ամսվա համեմատ հայ ֆուտբոլիստները առաջադիմել են 5 տեղով:
Առաջընթացը պայմանավորված է հոկտեմբերի 13-ին Երեւանում կայացած Հայաստան-Սերբիա խաղով, որում արձանագրվեց գոլազուրկ ոչ-ոքի: Իսկ ահա հոկտեմբերի 17-ին Հայաստանը 0:3 հաշվով զիջեց Բելգիային, որին չպարտվելու դեպքում այժմ մեր ընտրանին կարող էր անհամեմատ բարձր տեղում լինել:
ՈւԵՖԱ անդամ 53 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 39-րդ տեղում: Վարկանիշային աղյուսակի վերին հորիզոնականներում լուրջ փոփոխություններ են գրանցվել: Աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականը 1-ին հորիզոնականից հայտնվել է 3-րդ տեղում, իսկ վարկանիշային աղյուսակը սկսել է գլխավորել Արգենտինայի հավաքականը, որին հաջորդում է Բրազիլիան: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Պորտուգալիան պահպանել է 8-րդ հորիզոնականը:
Նախկին ԽՍՀՄ պետությունների ամենաբարձր դիրքը զբաղեցնում է Ռուսաստանը (16), ապա Ուկրաինան (22), Ուզբեկստանը (63) եւ աննախադեպ առաջընթած ապրած Վրաստանը (71): Վրացիները հաղթելով Շոտլանդիայի հավաքականին` առաջադիմել են միանգամից 33 աստիճանով: Ադրբեջանի հավաքականը վերջին անհաջողություններից հետո հայտնվել է 116 րդ հորիզոնականում:
ՖԱՎՈՐԻՏԸ ԼԵՀԱՍՏԱՆՆ Է
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը վաղը Լիտվայում կմրցի Լեհաստանի հավաքականի: Չպարտվելու դեպքում հայ ֆուտբոլիստները դուրս կգան հաջորդ փուլ: «ԲՎԻՆ» միջազգային բուքմեյքերական ընկերությունը այս խաղում Հայաստանի հաղթանակի համար սահմանել է 4.75 գործակից, իսկ Լեհաստանի հաղթանակը գնահատվել է 1.65 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3.40 գործակից:
ԿՊԱՅՔԱՐԵՆ ՆԱԵՎ ԿԱՆԱՅՔ
Հունաստանի Կրետե քաղաքում հոկտեմբերի 27-ին մեկնարկելու է նաեւ շախմատի Եվրոպայի կանանց թիմային առաջնությունը, որի 29 մասնակիցների թվում է նաեւ Հայաստանի հավաքականը: Մեր թիմի կազմում Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Սիրանուշ Անդրեասյանը եւ Լիանա Աղաբեկյանը:
2006թ. Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանը գրավել էր 8-րդ հորզիոնականը: Նույն տեղն էր գրավել մեր թիմը նաեւ 2007թ. աշխարհի անդրանիկ առաջնությունում, որը կայացավ Եկատերինբուրգում: Սակայն օլիմպիադայում կանայք հանդես էին գալիս 3 խաղատախտակների վրա, իսկ ահա Եկատերինբուրգում ասպարեզ էին դուրս գալիս արդեն 4 շախմատիստուհիներ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Եղիազարյանը բազմիցս նշել էր, որ խաղատախտակների ավելացումը մեր թիմի օգտին չէ, քանի որ նման բարձրակարգ մրցաշարերում հաջող են հանդես գալիս միայն Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:
Եվրոպայի առաջնությունում ֆավորիտ է համարվում է Ռուսաստանի հավաքականը, որի կազմում են հանդես գալիս Ալեքսանդրա Կոստենյուկը, Կոսինցեվա քույրերը, Եկատերինա Կովալեւսկայան եւ Եկատերինա Կորբուտը: Շախմատիստուհիներ, որոնք վարկանիշային աղյուսակում բավական բարձր դիրքեր են զբաղեցնում: Նման կազմով ռուսները ի վիճակի են լուրջ խնդիրներ լուծել: Աշխարհի առաջնությունում Ռուսաստանը զիջեց միայն Չինաստանին, որը այսօր կանանց շախմատում չունի իրեն հավասարը: Ուժեղ հավաքական ունի նաեւ Վրաստանը, որը կանանց շախմատում մեծ ավանդույթներ ունի: Վրացիների 1-ին խաղատախտակի վրա հանդես կգա Մայա Չիբուրդանիձեն, որը հանդես է գալիս Երեւանի «Միկա» ակումբում:
ՁԱԽՈՂՎՈւՄ Է
Իսպանիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում շարունակում է անհաջող հանդես գալ Ռաֆայել Վահանյանը: Փորձառու գրոսմայստերը 6-րդ տուրում սեւերով զիջել է իսպանացի Պալիսե Օմսին: Այս պարտությունից հետո Վահանյանը 1.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, թեեւ իր վարկանիշով մրցաշարում 6-րդն է: