ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԹԻՎ 1 ԹԵՆԻՍԻՍՏԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երկարատեւ ընդմիջումից հետո բավական հաջող ելույթ ունեցել Մադրիդում կայացած միջազգային խոշոր մրցաշարում: Հաջողությամբ հաղթահարելով նախնական 3 փուլերը` քառորդ եզրափակիչում Դավիթը 6:1, 6:2 հաշվով առավելության է հասել Ռաֆայել Նադալի նկատմամբ, ապա հաղթել է Ջոկովիչին եւ դուրս եկել եզրափակիչ: Այստեղ Նալբանդյանի մրցակիցն է եղել աշխարհի թիվ 1 թենիսիստ Ռոջեր Ֆեդերարը, որը առաջին սեթում հաղթել է 6:1 հաշվով, սակայն հաջորդ 2 սեթերում Դավիթ Նալբանդյանը շվեյցարացուն պարտության է մատնել 6:3, 6:3 հաշվով` դառնալով մրցաշարի հաղթող:
ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՈւժԵՂ ԷՐ ԿԱՏՈւԲԵՅԻՑ
IBF- ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել 28-ամյա ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյին: Մրցամարտի սկզբից Դարչինյանը տիրել է նախաձեռնությանը, սակայն սկզբում նրա ուժեղ հարվածները նպատակին չէին հասնում: 7-րդ եւ 11-րդ րոպեներին Կատուբեյը նոկաուտի ենթարկվեց, իսկ վերջին 12-րդ ռաունդի ավարտից 1 րոպե առաջ մրցավարը որոշեց կագնեցնել մրցամարտը: Այդ պահին մրցավարները 110:98, 110:97 հաշվով հաղթանակը տալիս էին Վախթանգին: «Մրցամարտը ծանր էր, քանի որ մրցակիցը ուժեղ էր: Ես ուրախ եմ, որ հաղթեցի եւ ցանկանում եմ վերադարձնել չեմպիոնական գոտին: Սակայն Դոների հետ ռեվանշը իրականացնելու մասին խոսելը դեռ վաղը է», - ասել է Դարչինյանը:
ԱՆՀԱՋՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ
Իսպանիայի Բարսելոնայի քաղաքում մեկնարկել է շախմատի միջազգային մրցաշար, որին մասնակցում է նաեւ հայ փորձառու գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Ցավոք, նրա ելույթները առայժմ անհաջող են: 4-րդ տուրից հետո Վահանյանը վաստակել է ընդամենը մեկ միավոր: Հայ շախմատիստը պարտվել է ադրբեջանցի Վուգար Ղաշիմովին եւ ԱՄՆ-ն ներկայացնող Նակամուրային, իսկ եւս 2 պարտիա ավարտել ոչ-ոքի: