Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՄԵԾԱՑԱՆ

Սպորտ

Լիտվայում մեկնարկել է ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական 7-րդ խմբի հանդիպումները: Հայաստանի հավաքականը Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ իր առաջին հանդիպումը անցկացրեց տանտերերի` Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով: Այս խմբի մյուս խաղում Լեհաստանը 5:0 հաշվով առավելության է հասել Սան Մարինոյի նկատմամբ: Հայաստանի հաջորդ մրցակիցը կլինի Սան Մարինոն, որին հաղթելու դեպքում հայ ֆուտբոլիստները լավ հնարավորություն կստանան տիրանալ 2 ուղեգրերից մեկին` հետեւաբար շարունակել պայքարը հաջորդ փուլում:

«ՇԻՐԱԿԸ» ՀԱՂԹԵՑ «ԳԱՆՁԱՍԱՐԻՆ»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 25-րդ տուրում կայացավ 2 հանդիպում: «Հրազդան» մարզադաշտում ետնապահ «Կիլիկիան» մրցեց վերջին տուրերում հաջող հանդես եկող «Ուլիսի» հետ: Ինչպես եւ սպասվում էր` հանդիպումը անցավ հյուրերի առավելությամբ, որոնք արդեն 14-րդ րոպեին Կարեն Նավոյանի դիպուկ հարվածի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը: 85-րդ րոպեին Նավոյանը 11 մետրանոց տուգանային հարվածով կրկնապատկեց հաշվի տարբերությունը: «Կիլիկիան» կարողացավ 90-րդ րոպեին մի գնդակ խփել:

Գյումրիում «Շիրակը» 2:1 հաշվով առավելության հասավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ: Գյումրեցիները կազմում հաշիվը 9-րդ րոպեին բացեց Արարատ Հարությունյանը: Ընդամենը 3 րոպե անց «Գանձասարը» Գագա Թբիալիշվիլիի շնորհիվ խփեց պատասխան գնդակը: «Շիրակի» համար հաղթական գնդակը 35-րդ րոպեին խփեց Երվանդ Հակոբյանը:

ՔԱՐԱՄՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԽԱՂԸ

Ռումինայի առաջնության հերթական տուրի հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը ռումինական «Պոլիտեխնիկայի» կազմում 2 գնդակ է խփել «Օցեուլի» դարպասը: Քարամյանի թիմը մրցակցին հաղթել է 4:1 հաշվով:

ՄԻԱՎՈՐ ՉՎԱՍՏԱԿԵՑ

Հոլանդիայի Հուգովեն քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր նաեւ Զավեն Անդրեասյանը: Աշխարհի մինչեւ 20 տարեկանների չեմպիոնը անցկացրած 6 պարտիաներում նույնքան պարտություն կրեց: Զավենը 2 -ական անգամ պարտվեց ադրբեջանցի Մամեդյարովին, ուկրաինացի Պոնորմարյովին եւ հոլանդացի վան Վելիին: 4.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Մամեդյարովը: