ՖՐԱՆՍԻԱՆ ԷԼ ՉԽՆԱՅԵՑ ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկան աղջիկների հավաքականը շարունակում է ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտություններ կրել: Դանիայից 0:24 հաշվով կրած պարտությունից հետո Հայաստանը 0:16 հաշվով զիջեց Ֆրանսիայի հավաքականին:
Մակեդոնիայում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ խմբում ընդգրկված Հայաստանը փաստորեն 2 հանդիպումներում 40 գնդակ է բաց թողել: Խմբի մյուս խաղում եւս խոշոր հաշիվ է գրանցել: Դանիան 6:0 հաշվով առավելության է հասել Մակեդոնիայի նկատմամբ:
Խմբային մրցաշարի վերջին խաղում Հայաստանի մրցակիցը կլինի Մակեդոնիան: Թերեւս այս խաղում ուժերը արդեն հավասար կլինեն, քանի որ մակեդոնացիները եւս 2 խոշոր հաշվով պարտություններից հետո են մոտենում այս մրցավեճին:
ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ՊԱՐՏՎԵԼ
Հոլանդիայի Հուգովեն քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում մեկնարկել է 2-րդ շրջանը: Զավեն Անդրեասյանը սպիտակներով պարտվել է ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին:
Անդրեասյանի համար սա 4-րդ անընդմեջ պարտություն էր եւ նա 0 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Վան Վելի-Մամեդյարով հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Պոնոմարյովը եւ Մամեդյարովը: