Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԱԿՆ Է ԸՆԿԵ՞Լ

Տնտեսություն

Համաշխարհային բանկը հերքել է, որ բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերի անունը «սեւ ցուցակում» է, եւ այլեւս որեւէ ծրագրի նա չի ներգրավվի իբրեւ փորձագետ: Սակայն ինժեները շարունակում է պնդել, որ ՀԲ երեւանյան գրասենյակը ամեն ինչ արել է իրեն այլ ծրագրերի մասնակից չդարձնելու համար: Եվ այդ այն բանից հետո, երբ ինքը հայտարարել էր, որ Երեւանի ջրամատակարման բարելավման նպատակով ՀԲ-ի հատկացրած գումարները յուրացվել են: Ցուցակում, ըստ նրա, ինքը հայտնվել էր այն պատճառով, որ 2004թ. ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում աշխատելու ժամանակ ՀԲ է ներկայացրել մի տեղեկություն, որը նրանց դուր չի եկել: «Այդ տեղեկությունը հասկացնել էր տալիս, որ ՀԲ-ն եւս խառնված է այդ կոռուպցիայի մեջ: Նրանք դրանից իրենց շատ անհարմար զգացին եւ որոշեցին ինձ իմ նախագծած` բուստորային պոմպեր տեղադրելու ծրագրի մեջ չներառել»,- պնդում է Թասքերը:

Հիշեցնենք, որ ՀԲ-ն Երեւանի ջրամատակարման բարելավման համար 30մլն ԱՄՆ դոլար է հատկացրել: Թասքերը պնդում էր, որ գումարների մեծ մասը յուրացվել է ջրաչափեր տեղադրելիս: Անվճար տեղադրելու փոխարեն` դրանից յուրաքանչյուրի տեղադրման համար բնակչից գանձվել է 8000 դրամ:

Ըստ ՀԲ-ի հաղորդագրության՝ իրենք «լուրջ են վերաբերվում նմանօրինակ պնդումներին եւ Հայաստանի գրասենյակն ու Ինստիտուցիոնալ անաչառության վարչությունը (ԻԱՎ) պատասխանել են պարոն Թասքերին յուրաքանչյուր բողոքին»: ՀԲ-ն հանգել է այն եզրակացության, որ նրա կողմից ներկայացված փաստերը հիմնավոր չեն: ՀԲ-ն խորհուրդ է տվել Թասքերին կապ հաստատել ԻԱՎ-ի հետ»:

ՀԲ-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վիգեն Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ԻԱՎ-ին պրն. Թասքերի տրամադրած փաստաթղթերի հիման վրա կատարած մեղադրանքների եւ ԻԱՎ-ի ձեռք բերված լրացուցիչ փաստաթղթերի նախնական ուսումնասիրության համաձայն՝ առ այսօր չեն հայտնաբերվել կոռուպցիային առնչվող հիմնավոր փաստեր: Սակայն ԻԱՎ-ը սահմանել է հետաքննության լրացուցիչ քայլեր՝ մինչեւ վերջնական եզրակացություն կայացնելը:

Բրյուս Թասքերը, սակայն, «Ա1+»-ին հայտնեց, որ ինքը կոռուպցիայի մասին ոչ մի բողոք չի ներկայացրել ԻԱՎ, քանի որ հասկացել է, որ այն ներկայացնում է միայն ՀԲ-ի շահերը, այլ ոչ թե զբաղվում բուն կոռուպցիայով:

«ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում աշխատելու ժամանակ ԻԱՎ ես միայն ներկայացրել եմ փաստեր, որոնց ոչ մի արձագանք չի եղել, միայն լռություն: Հետո եմ իմացել, որ ԻԱՎ-ն աշխատում է հակառակ նրանց, ովքեր դուրս են գալիս ՀԲ-ի դեմ: Միակ բողոքս ԻԱՎ-ին ուղղված եղել է այս տարվա մարտի 29-ին Վաշինգտոնում գտնվող կառավարությանը կից կազմակերպության (GAP) միջոցով, որը ներկայացնում է իմ շահերը»,- վստահեցնում է Թասքերը:

ՀԲ-ը, Թասքերի մեղադրանքները ժխտելուն զուգահեռ, տեղեկացնում է, որ իր ‎ֆինանսավորած Համայնքային զարգացման ավարտված ծրագրով Երեւանում ջրամատակարարումն օրական 7 ժամից հասել է մոտ 18.5 ժամի, իսկ Երեւանի մոտ 70 տոկոսն ունի շուրջօրյա ջրամատակարարում: Ջրի որակն էլ ավելի լավ է վերահսկվում` բոլոր աղբյուրների վրա տեղադրված են քլորացման ժամանակակից սարքավորումներ եւ բարելավված է անվտանգությունը:

«Ա1+»-ը փորձեց սա պարզել երեւանցիներից: Օրինակ՝ Գայանե Մնացականյանը նշեց, որ առավոտյան ընդամենը մեկ եւ երեկոյան երեք ժամ ջուր են ունենում: «Շուրջօրյա ջրամատակարարման խոսակցություններ կային, բայց դրանք հոդս ցնդեցին: Շատերը բաքեր են տեղադրել իրենց բնակարաններում, որի օգնությամբ ջրի հարցը կարծես թե հոգում են: Մյուսները, որոնք չունեն բավական ֆինանսներ, ստիպված են լինում ամեն օր առավոտյան 8-ին արթնանալ, որ գոնե դույլերով ջուր վերցնեն»,- ասում է նա: Սիմոն Վրացյան 71/1հասցեում ապրող Դիանան ասաց, որ մոտ 4 ամիս առաջ ունեին շուրջօրյա ջրամատակարարում, իսկ հիմա` ոչ: «Ջրի որակը շատ վատն է, չգիտենք ինչ անենք: Մենք տանը ջուր չենք խմում, այլ գնում ենք այն»,- ավելացրեց Դիանան: Սարիթաղում ապրող Վիկտորյա Բուռնազյանն էլ նշեց, որ իրենց մոտ եւս օրը 3-4 ժամ են ջուր ունենում: «Քլորի համ է գալիս ջրից: Երբ մի քիչ բաց ենք թողնում, ոչինչ խմվում է: Մի ընթացք եղավ, խանութից էինք ջուր առնում, քանի որ որակը լավը չէր»,- ասաց նա: