ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՍԱՏԱՆԱՆԵՐԻ» ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւանի ժամանակով 23:45-ին Բրյուսելի` 50.000 տեղանոց «Ռոա Բոդուին» մարզադաշտում ընտրական հանդիպում կանցկացնեն Բելգիայի եւ Հայաստանի ազգային հավաքականները: Մրցակիցների համար սա կլինի միմյանց դեմ 4-րդ պաշտոնական հանդիպումը:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 60-րդ տեղում ընթացող Բելգիան ներկայումս լավ օրեր չի ապրում: Բավական հարուստ ֆուտբոլային պատմություն ունեցող այս երկրի ֆուտբոլիստները վերջին անգամ խոշոր մրցաշարի մասնակցել են 2002թ., երբ աշխարհի առաջնությունում հաջողությամբ հաղթահարելով խմբային մրցաշարի արգելքը` դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ եւ 0:2 հաշվով զիջեցին Բրազիլիային: Դրանից հետո բելգիացիների մոտ կանոնավոր նահանջ է նկատվում: Դուրս մնալով «Եվրո-2004»-ի եզրափակիչ փուլից` բելգիացիները չկարողացան նվաճել նաեւ 2006թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր եւ վերածվեցին եվրոպական միջին մակարդակի հավաքականի:
Բելգիան կորցրել է նաեւ «Եվրո-2008» դուրս գալու հնարավորությունը եւ, ներկայումս ընտրական Ա խմբում Հայաստանին գերազանցելով 3 միավորով, ընթանում է 5-րդ հորիզոնականում: Սակայն ի տարբերություն հայ ֆուտբոլիստների` բելգիացիները 2 հանդիպում ավել են անցկացրել, ուստի ընթացիկ ընտրական փուլում նրանց ամենեւին ուժեղ չեն Հայաստանից:
Նախորդ տարի Երեւանում կայացած Հայաստան - Բելգիա խաղում հյուրերը առավելության հասան 1:0 հաշվով: 44-րդ րոպեին աչքի ընկավ բարձրահասակ Դանիել վան Բույտենը: Մյունխենի «Բավարիայի» պաշտպանը համարվում է Հայաստանի առաջիկա մրցակցի առաջատարը: Երեւանյան մրցավեճում բելգիացները չփայլեցին, պարզապես կարողացան օգտագործել իրենց միակ հնարավորությունը: Իսկ Հայաստանի հավաքականը, 2-րդ կեսում ունենալով բացահայտ տարածքային առավելություն, այդպես էլ չկարողացավ հավասարեցնել հաշիվը:
2007թ. խիստ անհաջող սկսվեց բելգիացիների համար: Փետրվարի 2-ին Ռենե Վանդերեյկենի սաները ընկերական խաղում 0:2 հաշվով սեփական հարկի տակ զիջեցին Չեխիային, ապա մարտի 24-ին հյուրընկալվեցին Պորտուգալիայի հավաքականին եւ պարտվեցին 0:4 հաշվով: Հունիսի 2-ին Բելգիան Պորտուգալիայի հետ մրցեց արդեն Բրյուսելում, 50 հազար հանդիսականների աջակցության ներքո, սակայն պորտուգալացիները կրկին հաղթեցին` այս անգամ 2:1 հաշվով: 4 օր անց բելգիացիները հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեցին Ֆինլանդիային: Այս անհաջողությունից հետո Բելգիայի հավաքականի նկատմամբ հետաքրքրությունը տեղացի ֆուտբոլասերների շրջանում զգալիորեն նվազեց:
Օգոստոսի 22-ին «կարմիր սատանաները» (այսպես են անվանում Բելգիային ֆուտբոլային աշխարհում) 3:2 հաշվով պարտության մատնեցին Սերբիային: Թվում էր այս հաջողությանը բելգիացիները կզարգացնեն հաջորդ մրցավեճում քանի որ մրցակիցը Ղազախստանի հավաքականն էր: Սակայն հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով: Հոկտեմբերի 13-ին Բրյուսելում կայացած Բելգիա - Ֆինլանդիա հանդիպումը անցավ հյուրերի առավելությամբ, սակայն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի-ով: Հանդիպմանը ներկա էր ընդամենը 14 հազար հանդիսական, մինչդեռ նախորդ հանդիպումներում «Ռոա Բոդուին» մարզադաշտում Բելգիային աջակցելու էին գալիս առնվազն 20-25 հազար ֆուտբոլասերներ:
Բելգիական մամուլի հավաստմամբ` Հայաստանի հետ մրցավեճում հանդիսականների քանակը չի գերազանցի 10 հազարը: Իսկ ահա Հայաստանի հավաքականին աջակցելու համար մարզադաշտում կլինեն Բելգիայում եւ Հոլանդիայիում բնակվող հայերը, որոնց թիվը կհասնի առնվազն 3 հազարի: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ 4 պաշտոնական հանդիպումներում պարտություն չի կրել: