ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈւԹՅՈւՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային հավաքականները վերջին տարիներին անբաժանելի մրցակիցներ են դարձել: Հարեւան երկրների մարզական ճանապարները շուտով կխաչվեն նաեւ ձեռքի գնդակում (հանդբոլ): Հայաստանը եւ Ադրբեջանը կմասնակցեն հոկտեմբերի 25-ին Թբիլիսիում կայանալիք «Չելենջ Տրոֆի» մրցաշարին: Հայաստանի Հանդբոլի ֆեդերացիայից «Ա1+»-ին հայտնեցին, որ սա թույլ զարգացած երկրների մրցաշար է, որին կմասնակցեն նաեւ Վրաստանի եւ Մոլդովայի հավաքականները:
Հայաստանի հավաքականը վերջին անգամ միջազգային մրցաշարի մասնակցել է 2001թ.: Փաստորեն շուրջ 6 տարվա ընդմիջումից հետո հայ հանդբոլիստները հավաքականների մակարդակով միջազգային ասպարեզ դուրս կգան: Գլխավոր մարզիչ Հրաչ Մխիթարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կձգտի գրավել 1-ին հորիզոնականը, այլապես կզրկվի հետագա պայքարից: Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Խիկմետ Աբդուլաեւը օրերս հայտարարել է, որ իր թիմի հիմնական մրցակիցը կլինի Վրաստանը:
«Վրացիները միշտ էլ լավ հավաքական են ունեցել, իսկ այժմ մրցաշարի կազմակերպիչներն են եւ հանդես են գալու սեփական հարկի տակ: Ինչ վերաբերվում է հայերին, ապա 2001թ. ի վեր նրանց ակումբները հազվադեպ են մասնակցել միջազգային մրցաշարարերի, էլ չեմ ասում նրանց հավաքականի մասին»,-ասել է նա: