Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՈՐՁԻ ՊԱԿԱՍԸ ԶԳԱՑՆԵԼ ՏՎԵՑ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը օրերս խիստ անհաջող հանդես եկավ Չեխիայում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ ամեն ինչ այլ կերպ կարող էր դասավորվել մեր թիմի համար, եթե հայ պատանիները կարողանային պահել հաղթական հաշիվը մեկնարկային խաղում, որտեղ նրանց մրցակիցը Իտալիան էր:

«Մենք պարտվեցինք Իտալիային 1:2 հաշվով, սակայն խաղային որակներով ոչ միայն չէին զիջում, այլեւ գերազանցում էինք: 1:0 հաշվից հետո մի քանի գոլային պահեր եւս ունեցանք, սակայն չիրացրեցինք, իսկ Իտալիան խաղավերջում օգտագործեց, իր կիսագոլային պահերը,- պատմեց նա,- Նախ գլխի հարվածով իտալացիները գրավեցին մեր դարպասը, երբ նման իրավիճակում կարելի էր չեզոքանցել վտանգը, ապա դարպասապահը անտեղի դուրս եկավ տեղից եւ գցեց մրցակցի խաղացողին, մինչդեռ 2 պաշտպանները արդեն հասնում էին: Մրցավարը 11 մետրանոց նշանակեց, եւ Իտալիան հաղթեց»:

Հաջորդ մրցավեճում Հայաստանը 1:5 հաշվով զիջել է Չեխիային: Ըստ Արմեն Սանամյանի այստեղ արդեն մեր թիմը զիջել է բոլոր առումներով. «Իտալիայի հետ խաղի վերջին րոպեներին կարմիր քարտ ստացավ թիմի ավագ եւ կենտրոնական պաշտպան Ռազմիկ Հովհաննիսյանը, որի բացակայությունը իր դերը խաղաց: Եթե Իտալիային հաղթեինք, եւ Ռազիկն էլ կարմիր չստանար, ապա շատ հավանական է, որ մենք հայտնվեինք հաջորդ փուլում»: Հայ պատանիները վերջին խաղում 0:3 հաշվով պարտվել են Կիպրոսին, թեեւ մեծ առավելություն են ունեցել. «Այստեղ գործեց ֆուտբոլում չգրված օրենքը. «Չես խփում դու, խփում են քեզ»»:

Խանամյանի կարծիքով Հայաստանի հավաքականի անհաջողության պատճառը միջազգային փորձի պակասն էր. «Մեր ֆուտբոլիստները միջազգային փորձ ընդհանրապես չունեին: Եթե նրանք արդեն որոշակի փորձ ունենային, կարող էին հաջող հանդես գալ անկախ նրանից, թե մրցակցիները ովքեր են: Ես զրուցեցի Չեխիայի հավաքականի գլխավոր մարզչի հետ, եւ նա հայտնեց, որ մինչ ընտրական փուլը մի քանի մրցաշարերի են մասնակցել: Սկզբում պարտվել են, սակայն աստիճանաբար կարգավորել են իրենց խաղը եւ սկսել են հաղթել»: