«ՄԻԿԱՆ»` ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Եվրոպայի ակումբային առաջնության վերջին 7-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Բանկային Արքան» 3:3 հաշվով է ավարտել հանդիպումը «Վեսնիանկա» թիմի հետ: Մեր թիմի կազմում պարտություն է կրել Աշոտ Անաստասյանը, իսկ Տիգրան Քոթանջյանը հաղթել է իր մրցակցին:
Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի են խաղացել: Վլադիմիր Հակոբյանը «Ուրալի» կազմում հերթական ոչ-ոքին է խաղացել այս անգամ Իվան Սոկոլովի հետ, որը հանդես է գալիս «Սարաեւո» թիմում:
«Բանկային Արքան» 9 միավորով հանգրվանել է 11-րդ տեղում, իսկ Եվրոպայի չեմպիոն է դարձել «Լինեքս» ակումբը: «Ուրալը» գրավել է 2-րդ տեղը: Կանանց պայքարում «Միկան» 3:1 հաշվով հաղթել է վրացական «Ինտերպլաստին»: Հայկական թիմի կազմում հաջողության են հասել Էլինա Դանիելյանը եւ Նինո Կուրտսիձեն: Նախորդ առաջնության չեմպիոն «Միկան» այս հաղթանակից հետո 10 միավորով գրավեց 3-րդ հորիզոնականը:
Իսկ չեմպիոն դարձավ «Մոնտե Կառլոն»: Անհատական ցուցանիշներով լավագույն ելույթը ունեցավ «Զագրեբի» կազմում հանդես եկող հնդիկ գրոսմայստեր Կրիշան Սասիկիրան, որը 7 հնարավորից վաստակեց 6 միավոր: «Բանկային Արքայի» կազմում լավագույնը Կարեն Ասրյանի ելույթն էր, որը հանդես գալով 1-ին խաղատախտակի վրա` վաստակեց 4 միավոր: