Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԿԱՐԵԼԻ Է ԱԿՆԿԱԼԵԼ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի աջ կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը ներկայումս լավ մարզավիճակում է եւ նրանից մեծ են սպասելիքները հոկտեմբերի 13-ին կայանալիք Հայաստան-Սերբիա խաղում: Հայաստանի առաջնության վերջին տուրի «Միկա» - «Փյունիկ» խաղում եւս Պաչաջյանը, օգտագործելով իր մեկնարկային արագությունը, անընդհատ դժվարություններ էր ստեղծում մրցակցի պաշտպանների համար:

Այդ հանդիպումից հետո Պաչաջյանը միացավ հավաքականի թեկնածուներին, որոնք այսօրվանից մարզումներ են անցկացնում` առաջիկա հանդիպմանը նախապատրաստվելով: «Խաղադաշտ ենք դուրս գալիս լավ արդյունքի համար եւ չնայած այլեւս մեզ հետ չէ Յան Պորտերֆիլդը, բայց նա լավ հիմք է դրել, որը կշարունակեն նրա հետ աշխատած մասնագետները: Իսկ մենք ամեն ինչ կանենք հաջողությունները շարունակելու եւ լավ ֆուտբոլ ցուցադրելու համար»- նշեց Պաչաջյանը:

Երիտասարդ ֆուտբոլիստի կարծիքով` սերբերը արժանի են հարգանքի եւ հանդիպմանը պետք է ամենայն լրջությամբ մոտենալ. «Սերբիան շատ ուժեղ մրցակից է: Թե ֆիզիկապես, թե տեխնիկապես, թե տակտիապես նրանք լավ են պատրաստված, որի վառ ապացույցը Պորտուգալիայի հետ մրցավեճն էր, որը ավարտեց 1:1 հաշվով, չնայած սերբերը հանդես էին գալիս հյուրընկալվողի դերում: Բայց մենք էլ հանդես են գալիս սեփական հարկի տակ եւ ֆուտբոլասերների աջակցության շնորհիվ դրական արդյունք ակնկալել կարող ենք»:

Պաչաջյանը գտնում է, որ «Եվրո-2008»-ի ընտրական 1-ին խմբում Հայաստանի հավաքականը դեռ հնարավորություն ունի շրջանցելու Բելգիայի հավաքականին. «Շատ բան է կախված առաջիկա 2 հանդիպումներից: Չեմ կարծում, թե Բելգիան անհասանելի է, քանի որ միավորների տարբերությունը այնքան էլ մեծ չէ, եւ մենք դեռ կարող ենք շրջանցել նրանց: Ինձ թվում է 6-րդ հորիզոնականը մենք անպայման կպահպանենք, բայց պետք է ձգտենք որքան հնարավոր է շատ միավոր վաստակել եւ բարձրացնել մեր վարկանիշը: Դա շատ կարեւոր է, քանի որ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության ժամանակ հնարավորություն կստանանք ավելի նպաստավոր դիրքում հայտնվել»:

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա Պաչաջյանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհայտնվի որեւէ արտասահմանյան թիմում. «Այդ հարցը ինձ համար միշտ առաջնային է եղել: Թե ակումբը, թե ես ձգտել ենք, որ տեղափոխվեմ արտասահման: Ժամանակը ցույց տվեց, որ այս տարի ես ավելի պատրաստ եմ դրան, քան նախորդ տարիներին: Դրա համար ռեալ հնարավորություններ կան: Պետք է ներդնեմ բոլոր ուժերս տեղափոխությունը իրականացնելու համար, քանի որ դրանից կշահի թե ակումբը, թե հավաքականը: Այդ հարցով ակումբի ղեկավարությունը զբաղվում է»: