ՊԼԱՏԻՆԻՆ ԵՎ ԲԼԱՏԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով Երեւան կժամանեն ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Հոկտեմբերի 16-ին ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահներին կընդունի Ռոբերտ Քոչարյանը, ապա Սերժ Սարգսյանը:
Նույն օրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կմասնակցեն Աճառյան փողոցին հարող տարածքում «Մանկապատանեկան ինտերնատ մարզադպրոց, ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի» հիմնաքարի տեղադրման պաշտոնական արարողությանը:
Հիմնաքարի տեղադրման պաշտոնական արարողությունից հետո նախագահները կայցելեն «Բանանց» ՖԱ-ի կողմից շահագործվող մանկապատանեկան ֆուտբոլային դպրոց, որը վերանորոգվել է ՖԻՖԱ-ի «Goal I» ծրագրի շրջանակներում:
Ի դեպ, թե Պլատինին, թե Բլատերը 2-րդ անգամ կլինեն Հայաստանում: Միշել Պլատինին Հայաստան էր ժամանել 2006թ. օգոստոսին, երբ դեռ ՈւԵՖԱ-ի նախագահի թեկնածու էր: Ինչպես հայտնի է` Ռուբեն Հայրատեպյանը նրան էլ տվեց իր ձայնը հունվարին կայացած ընտրությունների ժամանակ:
Իսկ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը Հայաստանում եղել է 2003թ. մայիսին եւ մասնակցել «Բանանցի» ներկայիս մարզաբազայի բացման արարողությանը: