Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրում առաջատարները պարտություններ կրեցին, որի արդյունքում Երեւանի «Արարատը» կրկին սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մեծ անակնկալ գրանցվեց «Բանանցի» մարզաբազայում, որտեղ «Ուլիսը» հանդես գալով դաշտի տիրող կարգավիճակում 2:1 հաշվով հաղթեց «Բանանցին»:

Մինչ այս փոխչեմպիոնը 6 խաղում անընդմեջ հաղթանակ էր տոնել եւ սեփական դարպասը այդ հանդիպումներում պահել անառիկ: Սակայն «Ուլիսը» արդեն 1-ին րոպեին Կարեն Նավոյանի դիպուկ հարվածի շնորհիվ բացեց խաղի հաշիվը: Մինչ «Բանանցը» փորձում էր ուշքի գալ կատարվածից` 13-րդ րոպեին «Ուլիսը» վտանգավոր դիրքում տուգանայինի իրավունք ստացավ, որի խաղարկումից հետո Կարեն Ստեփանյանը գլխի դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշվի տարբերությունը:

«Բանանցը» ակտիվացավ միայն 2-րդ կեսում, եւ 56-րդ րոպեին Արսեն Բալաբեկյանը, ներխուժելով մրցակցի տուգանային հրապարակ, 11 մետրանոց վաստակեց իր թիմի համար, որը անվրեպ իրացրեց Արամ Հակոբյանը: «Բանանցը» կարող էր նաեւ փրկել հանդիպումը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Գեւորգ Ղազարյանը եւ Արսեն Բալաբեկյանը:

Թեմպիոն «Փյունիկը» Ոսկեհատում 0:1 հաշվով զիջեց «Միկային»: Հանդիպման միակ գնդակը 55-րդ րոպեին խփեց Ռոդրիգեսը: Մինչ «Փյունիկը» եւ «Բանանցը» կարեւոր միավորներ էին կորցնում, «Արարատը» «Նաիրի» մարզադաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Գյումրիի «Շիրակի» դարպասը: «Արարատի» կազմում հերթական 2 գնդակը խփեց բրազիլացի Մարկոս Պիզելին` իր գնդակները քանակը հասցնելով 19-ի: Վստահաբար կարելի է ասել, որ Մարկոսը ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը այլեւս չի զիջի ոչ մեկին: Արարատցիների կազմում եւս 2 գնդակ խփեց Նշան Էրզերումյանը: Հաղթելով 4:0 հաշվով` Դուշան Միհիչի սաները 48 միավորով դարձան առաջատար: Սակայն, «Արարատին» 1 միավորով զիջող «Փյունիկը» 1 հանդիպում քիչ է անցկացրել: Կապանում «Գանձասարը» 4:0 հաշվով առավելության հասավ ետնապահ «Կիլիկիայի» նկատմամբ:

Այս հանդիպումներից հետո Հայաստանի առաջնությունում շուրջ երկշաթաբյա ընդմիջում կլինի, քանի որ հոկտեմբերի 13-ին եւ 17-ին Հայաստանի հավաքականը ընտրական հանդիպումներ է անցկացնելու:

ՆԱՀԱՆՋՈւՄ ԵՆ

Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 5-րդ տուրում Երեւանի «Բանկային Արքան» 3:3 հաշվով է ավարտել հանդիպումը գերմանական «Համբուրգի» հետ: Թեեւ մրցակիցը իր կազմում ընդամենը 3 գրոսմայստեր ուներ, սակայն հայ շախմատիստներին չի հաջողվել հաղթել: Մեր թիմի կազմում հաղթել է միայն Տիգրան Քոթանջայնը, փոխարենը պարտվել է Աշոտ Անաստասյանը:

Մյուս խաղատախտակների վրա գրանցվել է խաղաղ ելք: Վլադիմիր Հակոբյանը «Ուրալի» կազմում ոչ-ոքի է խաղացել «Աշդոդ» թիմի շախմատիստ Ալեքսանդր Մոսիենկոյի հետ: «Ուրալը» հաղթել է խոշոր 4.5:1.5 հաշվով: 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 24 միավորով գլխավորում է «Ուրալը», որին հաջորդում է «Տոմսկ-400»-ը: «Բանկային Արքան» 18.5 միավորով ընթանում է 16-րդ տեղում, մինչդեռ հայկական թիմը իր վարկանիշով մրցաշարում 11-րդն է:

Կանանց պայքարում «Միկան» 5-րդ տուրում 1.5-2.5 հաշվով զիջեց ռուսական «Ֆինեկին»: Մեր թիմի կազմում պարտություն կրեց Էլինա Դանիելյանը, իսկ Մայա Չիբուրդանիձեն, Նինո Կուրտսիձեն եւ Լիլիթ Մկրտչյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի: Այժմ «Միկան» 13 միավորով ընթանում է 8-րդ տեղում:

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՁԱԽՈՂՈւՄ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը վերջնականապես ձախողվել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Հայ պատանիները Իտալիայի եւ Չեխիայի հավաքականներին պարտվելուց հետո անհաջողության են մատնվել նաեւ Կիպրոսի հետ մրցամարտում` զիջելով 0:3 հաշվով:

Նախորդ հանդիպումներում Կիպրոսը պարտվել էր ոչ ֆուտբոլային հաշիվներով, եւ թվում էր Հայաստանի հավաքականը կհաղթի թույլ մրցակցին, սակայն Արմեն Սանամյանը սաները նույնիսկ մեկ միավոր չեն կարողացել վաստակել: Հայաստանը 0 միավորով եզրափակեց 13-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: