Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐԱԳԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՀԱՑԸ ԿԱՐԵԼԻ՞ Է

Տնտեսություն

«Ես երեկ խանութ եմ մտել, կարագը իմ աչքի առաջ 50 դրամով բարձրացել է: Այն, որ ֆիննական կարագի 1կգ-ը 1750 դրամից դարձել էր 2250 դրամ, հիմա դարձավ 2550դրամ: Հըլը չեմ ասում, որ Նոր զելանդականի գինն էլ է սարսափելի բարձրացել է:

Ձեթն էլ է բավականին բարձրացել». այս մասին արդեն դժգոհում է ոչ թե շարքային քաղաքացին, այլ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նման թանկացումներ են արձանագրվել նաեւ ցորենի եւ ալյուրի գների մեջ: Սակայն այս թանկացումների հարցում հանձնաժողովի գնահատականները մի քիչ այլ էին:

Հայաստանում ցորենի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային գների բարձրացմամբ: Այսպես է պատճառաբանում ցորենի շուկայում խոշոր տնտեսվարող սուբյեկտներից «Մանանա Գրեյն» ընկերությունը 2007թ.-ի առաջին կիսամյակում նկատված գների աճը:

Համաձայն ցորենի համաշխարհային շուկայի իրավիճակի ուսումնասիրությունների, ցորենի պաշարներն ամբողջ աշխարհում 2007թ. աշնանը հասել են իրենց նվազագույն մակարդակին: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Արմինե Հակոբյանը նշում է, որ երաշտի պատճառով բերքատվության մակարդակը նվազել է: Առաջարկի պակասը եւ աճող պահանջարկը նպաստել են գների աճին:

«Նման պայմաններում, մի կողմից բարձր կլինեն հանրապետություն ներկրվող ցորենի գները, իսկ մյուս կողմից` ցորենի գնի աճին կնպաստեն նաեւ գործարար սպասումները: Իսկ ձմռան վերջից եւ գարնան վերջից ցորենի մեկ կգ-ի մաքսային արժեքում արձանագրվել է աճ»,- հայտնեց Արմինե Հակոբյանը:

Ալյուրի շուկայում գործող ընկերությունների տեղեկատվության` 2006թ. արտադրվել է 139,2 հազար տոննա, ներկրվել` 246 տոննա, իրացվել` 139,7 հազար տոննա ցորենի ալյուր: Ստացվում է, որ մեկ շնչին օրական բաժին է ընկնում 0,1 կգ ալյուր, որն օգտագործվում է բնակչության կողմից հացի եւ հացամթերքի տեսքով: Իրացման ծավալներով, 2006թ. տվյալներով ամենամեծ «Սալեքս Գրուպն» է` 42.05 տոկոս, եւ «Մանանա Գրեյնը»` 36,77 տոկոս: Մնացածները կազմում են շուկայի ընդամենը 21 տոկոսը:

«Սալեքս Գրուպն» ու «Մանանա Գրեյնը» համարվել են գերիշխող դիրք ունեցող, որոնց նախատեսվում է գրանցել գերիշխողների գրանցամատյանում:

Ինչ վերաբերվում է հացի գնի թանկացմանը, ապա հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը նշեց. «Հացը այնպիսի բան է, որ նրա գնային աճը մի քանի կոնպոմենտներով է պայմանավորված. հացի խոնավություն, աղիություն, քաշ: Եթե մի հացի մեջ 15-20 դրամ է թանկացել, միջազգային գները շատ ավելի թանկ են, տնտեսվարող սուբյեկտին նեղելու խնդիր չի լինի»:

Իսկ այն հարցին, թե բարձրացել են նաեւ այն ապրանքների գները, որոնք վաղուց էին ներկրված, Աշոտ Շահնազարյանը պատասխանեց. «Եվրոպական սուբսիդիաների հետ է կապված»:

Ի դեպ, նրա վստահմամբ, կաթի գնի բարձրացում չի սպասվում: Հիշեցնենք, որ օրերս այդ մասին հենց կաթ արտադրողներն էին զգուշացրել խանութներին: