Մեծ անորոշության տագնապը
Մաս 1 Մեր իրականության բոլորիս հայտնի մարտահրավերներին ավելացել է նորը` անորոշությունը։ Սա առայժմ հիբրիդային մարտահրավեր է, բայց ունի բոլոր հնարավորությունները ամենասուրը դառնալու։ Այն նկատելիորեն բյուրեղանում է։ Անորոշությունը ծանր ամպի պես նստում է մեր իրականության վրա և սողոսկում է ամեն գյուղ ու քաղաք, ամեն տուն ու հիմնարկ, ամեն ոլորտ։ «Ի՞նչ է լինելու, ո՞նց է լինելու» տիպի հարցերն են հայաստանյան օրակարգը ձևավորում։ Նրանք դարձել են արդեն մեր կենցաղը։ Իսկ դա նշանակում է, որ շատ լուրջ ջանքեր են պետք է լինելու՝ երկրում մթնոլորտը փոխելու համար։ Այդ ջանքերը պահանջվելու են բոլորից՝ իշխանություններից և պետության հանդեպ պատասխանատվության զգացում ունեցող ցանկացած կառույցից կամ անհատից։ Չկարողացանք ցրել անորոշությունը, չկարողացանք կասեցնել դրա ուժեղացումը, հերթական քայլերով խորացրեցինք այն, հանրային կյանք չբերեցինք կանխատեսելիության հեռանկարը, ուրեմն մեզ սպասում են նոր անկայության փուլեր, ցնցումներ, և էլի անհասկանալի հեռանկար։ Անորոշության գործոնները Կան թեմաներ, որոնց՝ իշխանության կողմից արծարծումը, ոչ գրագետ մատուցումը անորոշության հսկայական լիցքեր են ուղարկում հասարակությանը։ Բերեմ մի քանի օրինակ.
- Երբ իշխանությունը խոսում է «մեղավորության կանխավարկածի», ունեցվածքի 70 տոկոսը հետ վերադարձնելու, «առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման» մասին, իշխանությունը պարզապես չի պատկերացնում, թե հենց հաջորդ պահից բիզնեսը և խոշոր սեփականատերերը ինչ են զգում, ինչ են մտածում, ինչ են որոշում և ինչ են անում։ Իսկ նրանք որոշում են՝ սպասել, ներդրում չանել, կապիտալը թաքցնել, կապիտալը երկրից հանել։ Յուրաքանչյուր խոշոր կապիտալի շուրջ միշտ աշխատում են հարյուրավոր միջին ու մանր բիզնեսներ, միջին ու մանր կարողությունների տեր ընտանիքներ և անորոշության ալիքը շատ արագ փոխանցվում է նաև նրանց։ Պետք չէ թերագնահատել ո՛չ իշխանության խոսքը, ո՛չ էլ՝ կապիտալի ընկալունակությունը։ Եվ եթե իշխանությանը թվում է, թե ինքը հերթական հեղափոխական լոզունգն է հայտարարում, ապա ռեալ բիզնեսը դա ընկալում է լրիվ այլ կերպ և պատասխանում է համարժեք՝ սպասում է կամ արտահոսում։
- Հաջորդ օրինակը. երբ իշխանությունից անընդհատ լսվում է կրճատումների և օպտիմալացումների թեման, իսկ մերձիշխանական խոսողները, իրար հերթ չտալով, եթերից եթեր տիրաժավորում են այն, իբր՝ շատ լավ բան են անում, ապա ցանկացած պետծառայողի ընտանիքում տիրում է համարժեք մթնոլորտ՝ ու՞մ կկրճատեն, ե՞րբ, բա ինչպե՞ս ենք ապրելու, բա երեխաների վարձերը, բա մյուսը... Հայաստանը փոքր երկիր է, երբ ասում ես՝ լուծարում եմ, փակում եմ, կրճատում եմ կամ կրճատելու եմ տասը հազար, 30 տոկոս և այլն, մյուս կողմից էլ ասում ես՝ հետ եմ վերցնելու, նվիրելու եք, խլելու եմ և այլն, դա արդեն առնչվում է հարյուր հազարարվոր մարդկանց, այսինքն՝ ձևավորում է անորոշության ակնհայտ մթնոլորտ։
- Անորոշության հաջորդ խոշոր աղբյուրը շատ հարցերի շուրջ իշխանության մոտ տեսակետների բացակայությունն է։ Որքան հստակ եղավ իշխանության տեսակետը հարցերի լայն շրջանակների վերաբերյալ, այնքան կանխատեսելիության աստիճանը հասարակության կյանքում մեծ կլինի։ Սոլիդ իշխանությունը ստանում է նման մթնոլորտ երկրում։ Իսկ տեսակետների անհստակության, սոցցանցային կառավարման և ամբոխահաճության (հանրությունը մեզնից ակնկալում է, հանրությունը մեզնից պահանջում է...) պայմաններում ձևավորվում են անորոշ սպասումներ, ինչը պարալիզացնում է առաջընթացը։
- Կա ավելի վտանգավոր օրինակ՝ պատերազմի և խաղաղության սիրողական մեկնաբանությունը։ Ոչինչ ավելի չի քայքայում պետության հիմքերը, չի խեղդում առաջընթացը, որքան կաբինետային հերոսների հռետորաբանությունը։ Ոչ մի ժողովուրդ չի ուզում պատերազմ, առավել ևս՝ պատերազմ տեսած ժողովուրդները։ Պատերազմի հավանականությունը պետք է լինի հնարավորինս նվազագույն, և դրան պետք է միտված լինի պետական միտքը։ Պատերազմը զոհեր են, ավերածություններ, արտագաղթ։ Եվ էժան ռեյտինգին ուղղված ցանկացած նման կոչ խտացնում է անորոշության ամպը։ Պատերազմին պատրաստվում են գրագետ, անաղմուկ աշխատանքով և ոչ թե՝ իրական պատերազմ չտեսածների՝ Բաքուն գրավելու դատարկ կոչերով։ Ի դեպ, նույնքան վտանգավոր է նաև խաղաղության սխալ մատուցումը։ Չգիտես ինչու խաղաղությունը ներկայացվում է որպես պարտության, միակողմանի զիջումների արդյունք, ինչն ամենևին այդպես չէ։ Սա առանձին քննարկման առարկա է, որը կանենք առաջիկայում։