«ԱՐԱՐԱՏԻ» ՈւՂՂՎԵԼՈւ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերջին 4-րդ շրջանը: 4 հանդիպումներից կենտրոնական կարելի է համարել թերեւս «Նաիրի» մարզադաշտում կայանալիք «Արարատ» - «Գանձասար» հանդիպումը:
Նախորդ 4 հանդիպումներում հաղթանակ չտոնած «Արարատը» այս խաղում պարտվելու դեպքում գործնականում կզրկվի մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից: «Արարատի» կազմում այս խաղին չեն մասնակցի կրկին Գագիկ Սիմոնյանը եւ Հովհաննես Հարությունյանը, որոնք արդեն պայմանագիր են կնքել «Ուլիսի» հետ:
«Գանձասարին» եւս հաղթանակ է անհրաժեշտ լավագույն քառյակում տեղ ունենալու համար: Սամվել Պետրոսյանի սաները արդեն 2 խաղում անընդմեջ չեն կարողանում հաջողության հասնել:
Խաղացանկով այսօր նախատեսված «Ուլիս» - «Փյունիկ» մրցավեճը եւս կկայանա վաղը: «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն թիմերը կմրցեն Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Սա եւս սկզբունքային մրցավեճ է, քանի որ «Ուլիսը» նախորդ 5 հանդիպումներումներում պարտություններ չի կրել եւ բավական մեծ առաջընթաց է ունեցել:
«Փյունիկի» հետ հանդիպումը թույլ կտա ամբողջական կարծիք կազմել Սուրեն Բարսեղյանի թիմի մասին, որը չնայած վերջին հաջողություններին մրցաշարային աղյուսակում որեւէ խնդիր չի լուծում: Իսկ «Փյունիկը» օրերս 2 կարեւոր միավոր կորցրեց «Շիրակի» հետ մրցավեճում, ուստի 2 խաղում անընդմեջ Գյուլբուդաղյանցի սաները վրիպել չեն ցանկանա:
Աննախադեպ վերելքի մեջ գտնվող «Բանանցը» սեփական մարզաբազայում կընդունի «Շիրակին»: Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ «Բանանցը» հնարավորություն ունի 5-րդ խաղում անընդմեջ հաջողության հասնել: Ի դեպ նախորդ 4 հանդիպումներում էլ փոխչեմպիոնը հաղթանակ է տոնել «չոր» հաշիվներով:
Եւս մեկ հանդիպում կկայանա Ոսկեհատում, որտեղ «Միկան» կհյուրընկալի «Կիլիկիային»: Թեեւ ետնապահ «Կիլիկիան» շարունակում է պարտվել, սակայն նախորդ 2 հանդիպումներում թիմը լուրջ դիմադրություն ցույց տվեց «Փյունիկին» եւ «Բանանցին», 1-ին կեսում կարողանալով անառիկ պահել սեփական դարպասը: Այդ հանդիպումները ցույց տվեցին, որ «Կիլիկիան» ֆիզիկիական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար, կարող է եւ անակնկալներ մատուցել: