ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆԸ ԿՐԿԻՆ ԵՐԵՎԱՆՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 3-ին Երեւանում կմեկնարկի շախմատի տղաների եւ աղջիկների աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը 2-րդ տարին անընդմեջ է անցկացվում Հայաստանի մայրաքաղաքում: Մրցաշարին մասնակցելու են 1987թ. հունվարի 1-ից հետո ծնված մոտ 130-ական շախմատիստ շախմատիստուհիներ:
Առաջնությանը մասնակցելու իրավունք են ստացել աշխարհի նախորդ առաջնությունում 1-3 տեղերը գրաված մասնակիցները, մայրցամաքների առաջնություններում հաջողության հասածները, ՖԻԴԵ-ի երիտսարդ շախմատիստների վարկանիշային աղյուսակում լավագույն 6 հորիզոնականներում գտնվողները, մինչեւ 18 եւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոնները: Բացի այդ յուրաքանչյուր երկրի ֆեդերացիայի հնարավորություն է տրվել ներկայացնել մեկական շախմատիստ:
Նախորդ տարի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրեասյանը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ այս անգամ առաջնությանը մասնակցելու են հայաստանցի 24 շախմատիստ, որոնցից 12-ը` տղաներ:
Մրցաշարին կրկին չեն մասնակցելու Ադրբեջանի ներկայացուցիչները: Եթե նախորդ տարի այդ հարցը նույնիսկ չէր էլ քննարկվել, ապա այս անգամ Հայաստանը երաշխավորել էր ադրբեջանցիները անվտանգությունը, սակայն հարեւան երկրի շախմատի ֆեդերացիան հրաժարվել է իր շախմատիստներին ուղարկել Երեւան: