ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ԻՆՏՐԻԳԸ «ՄԱՀԱՑԱՎ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ շրջանը կարելի է ավարտված համարել: Թեեւ «Փյունիկ» - «Միկա» հետաձգված հանդիպումը դեռ չի կայացել, սակայն այս խաղի արդյունքը չի կարող որեւէ տեղաշարժ կատարել մրցաշարային աղյուսակում, ուստի արդեն կարող ենք ամփոփել արդյունքները եւ փորձենք ենթադրել, թե ինչ է սպասվում մեր թիմերին վերջին 4-րդ շրջանում:
Պետք է խոստովանել, որ 3-րդ շրջանը հիասթափեցրեց հայ ֆուտբոլասերներին: Դա հիմնականում կապված է Երեւանի «Արարատի» շուրջ տեղի ունեցող անտրամաբանական իրադարձություններով:
Ցանկացած մրցաշարի գլխավոր ինտրիգը չեմպիոնության հարցն է, իսկ այդ ինտրիգը Հայաստանի առաջնությունում ավարտվեց հենց «Արարատի» անհաջող ելույթների պատճառով: Այս թիմը միակն էր, որը 1-ին տեղի համար լուրջ պայքար էր մղում «Փյունիկի» հետ, սակայն 3-րդ շրջանում կրած անհաջողություններից հետո «Արարատը» լավագույն դեպքում կպահպանի իր տեղը լավագույն քառյակում: Իսկ «Փյունիկը» գործնականում ապահովել է չեմպիոնի կոչումը: Այն, որ «Փյունիկը» մյուս թիմերից ավելի բարձր խաղամակարդակ ունի, գաղտնիք չէ, սակայն այս տարի փաստորեն չեմպիոնի համար նպաստավոր պայմաններ ստեղծեցին նաեւ նրա մրցակցիները:
Ամեն դեպքում 3-րդ շրջանում եղան նաեւ մի շարք դրական իրադարձություններ: Մասնավորապես` «Ուլիսը» վերջապես սկսեց միավորներ վաստակել եւ հավասար պայքար մղել առաջատարների հետ: Մինչ այդ թիմը, ինչպես եւ ընդգծված ետնապահ «Կիլիկիան» մեկը մյուսի հետեւից պարտություններ էր կրում: Դա զգալիորեն նվազեցնում էր հետաքրքրությունը առաջնության նկատմամբ, քանի որ 2 թիմերի մասնակցությամբ հանդիպումները ելքը նախապես պարզ էր: Իսկ այժմ նման կարգավիճակում է միայն «Կիլիկիան»: Այս շրջանում հիացրեց «Բանանցը», որի մասին արդեն շատ է խոսվել: Մնում է, որ Նիկոլայ Կոստովի սաները շարունակեն իրենց հաղթարշավը: Պետք է ընդգծել, որ «Բանանցը» ոչ միայն հաղթում է, այլեւ գեղեցիկ եւ հարձակվողական ֆուտբոլ է ցուցադրում եւ օրեցօր այս թիմի նկատմամբ հետաքրքրությունը աճում է հայ ֆուտբոլասերների շրջանում:
3-րդ շրջանի սկզբնամասում զարմացրեց Կապանի «Գանձասարը»` անցկացնելով մի քանի տպավորիչ հանդիպում: Բայց կապանցիները մինչեւ վերջ չդիմացան բարձր տեմպին եւ մի փոքր զիջեցին դիրքերը: Սակայն դա էլ չխանգարեց Սամվել Պետրոսյանի սաներին ամրապնդվել 5-րդ տեղում եւ դեռ լավ հնարավորություններ պահպանել 4-րդ տեղի համար:
4-րդ շրջանում կկայանան եւս 7 տուրեր, որից հետո 2007թ. Հայաստանի առաջնությունը կդառնա պատմություն: Արդեն ակնհայտ է, որ չեմպիոնը կոչումը 7-րդ տարին անընդմեջ կնվաճի «Փյունիկը»: 2-րդ տեղում ընթացող «Բանանցը» եւս շատ լավ հնարավորություններ ունի արծաթե մեդալների համար: Մնում է հուսալ, որ գոնե 3-րդ տեղի համար թեժ պայքար կծավալվի «Միկայի», «Արարատի» եւ «Գանձասարի» միջեւ: