«ԲԱՆԱՆՑԻ» ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆԸ ԱԿՆՀԱՅՏ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» ընթացիկ առաջնությունում շարունակում է իր հաղթարշավը: Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ «Բանանցը» 2:0 հաշվով հաղթել էր հիմնական մրցակիցներից մեկին` «Միկային»: Այս խաղում «Բանանցը» ուներ բացահայտ առավելություն եւ կարող էր հաղթել 6 կամ 7 գնդակի տարբերությամբ: Թիմի գլխավոր մարզիչ Նիկոյալ Կոստովը, բնականաբար, գոհ էր գրանցված արդյունից. «Մենք լավ խաղ անցկացրեցինք: 1-ին 35 րոպեներին շատ լավ խաղացինք, իսկ վերջին 10 րոպեներին նախաձեռնությունը զիջեցինք մրցակցին: Սակայն 2-րդ կեսում առավելությունը կրկին մեր կողմն էր: Առայժմ գոհ եմ ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունից եւ այստեղ դեռ անելիքներ կան», - խոստովանեց Կոստովը, որի գլխավորությամբ «Բանանցը» դեռ միավորներ չի կորցրել եւ սեփական դարպասը պահել է անառիկ:
«Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը փորձում էր արդարանալ պարտությունից հետո. «Ես չէի սպասում, որ «Բանանցը» նման խաղ կցուցադրի: Մենք էլ ունեցանք գոլային, պահեր, սակայն իրացնել չհաջողվեց»: Թե ինչ գոլային պահերի մասին է խոսքը անհայտ մնաց, քանի որ «Միկան» ողջ հանդիպման ընթացքում 1 վտանգավոր հարված կատարեց դարպասին, այն էլ սուր անկյան տակ, երբ դարպասապահը լիովին վերահսկում էր իրավիճակը:
Երեկ «Նաիրի» մարզադաշտում գրանցվել էր մեծ անակնկալ. «Փյունիկը» 0:0 հաշվով էր ավարտել հանդիպումը «Շիրակի» հետ: «Փյունիկի» մարզիչ Վարդանի Մինասյանը նշեց, որ ֆուտբոլիստները չեն կարողացել ինչպես հարկն է տրամադրվել խաղին. «Դժվար է նույն թիմի դեմ հանդես գալ 3 օր հետո:
«Շիրակին» 3 օր առաջ հյուրընկալվելիս հաղթել էինք 5:1 հաշվով եւ այս հաշիվը թույլ չտվեց, որ խաղացողները ճիշտ տրամադրվեն խաղին: Նրանց թվում էր, որ այս անգամ եւս հեշտությամբ կհաղթեն: Դա էր պատճառը, որ 1-ին կեսում մեր խաղը չստացվեց: 2-րդ կեսում ավելի հաջող հանդես եկանք եւ 3-4 գոլային պահ ունեցանք, որոնք սակայն չօգտագործվեցին»: