Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԱՆԴԸ` ԳՈՐԾՆԱԿԱՆՈւՄ ՉԵՄՊԻՈՆ

Սպորտ

Շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը գործնականում ապահովեց հաղթողի կոչումը: Միայն հրաշքը կարող է փոխել Մեխիկոյում ընթացող մրցաշարի ընթացքը, քանի որ Անանդը առաջնության ավարտից 3 տուր առաջ 1.5 միավորով գերազանցում է իրեն հետապնդող Բորիս Գելֆանդին: Նման բարձր կարգ ունեցող մրցաշարերում, սա առավել քան շոշափելի առավելություն է:

11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի հետ: Հունգարացի շախմատիստը 1-ին շրջանում կրած պարտությունից հետո փորձեց ռեվանշի հասնել, սակայն 56-րդ քայլին պարտիան ավարտվեց խաղաղ ելքով: Վլադիմիր Կրամնիկը այս տուրում սեւերով հանդիպեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ, սակայն արդեն 13-րդ քայլին գրանցվեց ոչ-ոքի: Այս արդյունքից հետո Կրամնիկը կարող է մոռանալ 1-ին հորիզոնականի մասին, քանի որ Վիշվանաթան Անանդը սպիտակներով պարտության մատնեց Ալեքսանդր Մորոզեւիչին: Անանդը մեծ առավելություն ուներ ռուս շախմատիստի նկատմամբ եւ 56-րդ քայլին արժանիորեն հաղթեց: Սա Անանդի 4-րդ հաղթանակն էր Մեքսիկայում: Ոչ-ոքի գրանցվեց Բորիս Գելֆանդ - Պյոտր Սվիդլեր պարտիայում:

Այսպիսով` մրցաշարային աղյուսակը 7.5 միավորով գլխավորում է Անանդը, որին 6 միավորով հաջորդում է Գելֆանդը: Արոնյանը, Լեկոն եւ Կրամնիկը 5.5-ական միավորով ընթանում են 3-5-րդ տեղերում:

12-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Բորիս Գելֆանդի հետ:

Հաղթանակի դեպքում Լեւոնը միանգամից կհավասարվի 2-րդ տեղում ընթացող այս շախմատիստին: Անանդը սեւերով կմրցի Սվիդլերի հետ: Կկայանան նաեւ Կրամնիկ – Լեկո եւ Մորոզեվիչ- Գրիշչուկ պարտիաները: