Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

‎ՖՈՒՏԲՈԼԻՍՏ, ՈՐԸ ԳԻՏԻ ՀԻՆԳ ԼԵԶՈՒ

Սպորտ

Հայաստանի առաջնության վերջին տուրում կայացած «Շիրակ» - «Փյունիկ» (1:5) հիանալի խաղ ցուցադրեց երիտասարդական հավաքականի թեկնածու Հենրիխ Մխիթարյանը, որը կիսապաշտպան լինելով ` խփեց միանգամից 3 գոլ:

Հենրիխը նախկինում հայտնի ֆուտբոլիստ, վաղամեռիկ Համլետ Մխիթարյանի որդին է: «Ֆուտբոլային որակները ժառանգել եմ հորիցս: Բավական փոքր տարիքից ինձ ճանաչել են, որպես Համլետ Մխիթարյանի որդի: Ես շատ հարգում եւ սիրում եմ հորս, սակայն կցանկանայի նաեւ, որ ինձ ճանաչեին որպես Հենրիխ Մխիթարյան իմ խաղի շնորհիվ», - ասում է «Փյունիկի» ֆուտբոլիստը:

Ըստ Հենրիխի` պրոֆեսիոնալ կիսապաշտպանը թիմի շարժիչն է եւ պետք է բարձր որակներ ունենա. «Պետք է իր մեջ ունենա առաջատար ֆուտբոլիստի որակներ, որպեսզի թիմակիցների կարողա տանել իր հետեւից»:

Ինչպես եւ ցանկացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, այնպես էլ Մխիթարյանը ամբողջ օրը զբաղվում է. «Եթե առավոտյան մարզում ունենք, վեր եմ կանում վաղ առավոտյան, նախաճաշում եմ: Եթե մարզումը օրինակ ժամը 10:00-ին է, ապա պարտադիր ժամը 9:00 պետք է ներկայանամ ակումբը եւ սկսեմ տրամադրվել մարզմանը, որի ավարտից հետո դեռ որոշ ժամանակ մնում եմ խաղադաշտում, աշխատում եմ ինքս ինձ վրա: Վերադառնալով տուն` որոշ ժամանակ քնում եմ, ապա սկսում եմ ֆուտբոլային թերթեր ամսագրեր ընթերցել: Փորձում եմ ինչ-որ նոր բան սովորել»:

Ֆուտբոլիստների շրջանում, հատկապես երիասարդների մոտ, մեծ մասսայականություն է վայելում վիրտուալ ֆուտբոլը, սակայն Հենրիխը համակարգչից օգտվում է հիմնականում այլ նպատակներով.«Երբմեն խաղում եմ: Համակարգչից օգտվում եմ այլ բաների համար: Ինտերնետով հաճախ եմ այցելում ֆուտբոլային կայքեր, հետեւում եմ ֆուտբոլային ամենավերջին նորություններին: Փորձում եմ ծանոթանալ տարբեր ֆուտբոլիստների եւ ակումբների իրավիճակին: Հատուկ ուշադրություն եմ դարձնում նաեւ մեր մրցակիցներին: Իսկ, երբ հավաքականներն են մեկնելու ինչ-որ տեղ, սկսում եմ ուսումնասիրել տվյալ երկիրը ամբողջությամբ` սկսած տնտեսությունից մինչեւ ամենափոքր հաջողությունը»:

Գաղտնիք չէ, որ մարզիկները իրենց ստացած կրթությամբ չեն փայլուն, սա դա Հենրիխին չի վերաբերվում: Այս ֆուտբոլիստը հասցրել է սովորել ոչ ավել ոչ պակաս 5 լեզու. «Ֆրանսերեն սովորել եմ, երբ 90-ականների սկզբում գտնվում էինք Ֆրանսիայում: Ռուսերենին տիրապետում եմ դպրոցի շնորհիվ, բացի այդ տատիկս ազգությամբ ռուս է: Անգլերենը եւս դպրոցում եմ սովորել, իսկ պորտուգալերենը յուրացրել եմ Բրազիլիայում գտնված 4 ամիսների ընթացքում: Դե իսկ հայերենը իմ մայրենի լեզուն է, որին տիրապետել պարտավոր է յուրաքանչյուրը: Օտար լեզուների իմացության մակարդակը պահպանելու համար հաճախ շփվում եմ Հայաստան ժամանող արտասահմանցիերի հետ: Տանը կան անգլերեն եւ ֆրանսերեն գրքեր, որոնք ժամանակ առ ժամանակ ընթերցում եմ եւ դա ես հնարավորություն է տալիս պահպանել լեզվի իմացությունը»:

Վերջում երիտասարդ ֆուտբոլիստը խոսեց հայկական ֆուտբոլի մասին. «Խնդիրներ շատ կան, չէի ցանկանա ավելի մանրամասնել: Կցանկանայի, որ ֆուտբոլիստները իրենց վրա ավելի շատ ուշադրություն դարձնեն: Գիտակցեն, որ իրենք են հայկական ֆուտբոլի ապագան: Նույնիսկ ամենաուժեղ եւ փորձառու ֆուտբոլիստներն էլ փորձում են կատարելագործվել եւ դրա մեջ ամոթ բան չկա»: