«ԱՐԱՐԱՏԸ» «ԳԱՂՏՆԱՊԱՀ» ԱԿՈՒՄԲ Է
Աջակցիր «Ա1+»-ին«Արարատ» ֆուտբոլային ակումբում ներքին խմորումները շարունակվում են: Այս ակումբից պաշտոնական լրատվություն ստանալը գրեթե անհնար մի բան է դարձել: Ակումբի գործադիր տնօրեն Վարուժան Էմեքսիզյանը ներկայումս բացակայում է Հայաստանից, եւ հավանաբար դա է պատճառը, որ ակումբի մյուս աշխատակիցները ցայտնոտի մեջ են հայտնվում, երբ նրանց հարցեր են ուղղում: Իսկ հարցը հետեւյալն էր, թե քանի ֆուտբոլիստ է «Արարատից» հեռացել կամ հեռացվել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ակումբից հեռացել էին 4 ֆուտբոլիստներ, սակայն «Արարատ» ակումբում հայտնեցին, որ հեռացել է միայն մեկ ֆուտբոլիստ: Մեր այն հարցին, թե ով է այդ ֆուտբոլիստը ակումբում հրաժարվեցին պատասխանել::
Ի վերջո հայտնի դարձավ, որ «Արարատից» հեռացել է Գագիկ Սիմոնյանը, որը օգոստոսի 21-ին դարձել էր 36 տարեկան եւ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ամենատարեց ֆուտբոլիստներից մեկն է:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության վերջին 4 տուրերում «Արարատը» ընդամենը 1 միավոր է վաստակել` գնդակների 1:16 տարբերությամբ: