ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹՈւՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՀայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մեքսիկայում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում վերջապես հաղթանակ տոնեց: 10-րդ տուրում Լեւոնը սպիտկաներով առավելության հասավ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլին, երբ Արոնյանը արդեն անցողիկ զինվոր ուներ եւ Գրիշչուկին մնում էր միայն հանձնվել: Այս հաղթանակից հետո հայ շախմատիստը իր միավորների քանակը հասցրեց 5-ի` հավասարվելով Պետեր Լեկոյին եւ Վլադիմիր Կրամնիկին: Վերջինս այս տուրում ոչ-ոքի խաղաց առաջատար Անանդի հետ: Այժմ Անանդը 6.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Բորիս Գելֆանդը 5.5 միավորով ընթանում է 2-րդ տեղում, իսկ 3-րդ հորիզոնականը բաժանում են Արոնյանը, Կրամնիկը եւ Լեկոն:
11-րդ տուրում Արոնյանը սեւերով հանդիպելու է Պետեր Լեկոյի հետ: 1-ին շրջանում Լեւոնը սիպտակներով հաղթել է հունգարացի գրոսմայստերին: Վիշվանաթան Անանդը սպիտակներով մրցելու է Մորոզեւիչի հետ, որին հաղթելու դեպքում գործնականում կապահովի չեմպիոնի կոչումը: