Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԱՄԵՆԸ 1 ՄԵԴԱԼ

Սպորտ

Խորվաթիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ցավոք, Հայաստանի ներկայացուցիչները սպասելիքները չարդարացրեցին եւ մրցավայրից հայրենիք կվերադառնան ընդամենը մեկ բրոնզե մեդալով: Այս մեդալը 12 տարեկանների պայքարում նվաճեց Կարեն Գրիգորյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Գրիգորյանը ընդամենը 1 պարտություն կրեց, 6 պարտիայում հաղթեց մրցակիցներին եւ մնացած 2 պարտիաները ավարտեց ոչ-ոքի:

Մեդալին մոտ էին 14 տարեկանների պայքարում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչներ Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Աղասարյանը եւ Վահե Բաղդասարյանը, որոնք վերջին տուրից առաջ իրենց ակտիվում ունեին 6-ական միավոր: Որքան էլ տարօրինակ է , մեր այս 3 շախմատիստներն էլ 9-րդ տուրում պարտվեցին: Աղասարյանի եւ Բաղդասարյանի համար, սա մրցաշարում 1-ին պարտություն էր, որը նրանց զրկեց մեդալից:

Հաջող մեկնարկից հետո 18 տարեկանների պայքարում չկարողացավ մրցանակային տեղ գրավել Ավետիք Գրիգորյանը, որը 5.5 միավորով հանգրվանեց 12-րդ հորիզոնականում:

Աղջիկների պայքարում լավագույն արդյունքը ցույց տվեց 10-ամյա Սիրանուշ Ղուկասյանը, որը 6 միավորով գրավեց 9-րդ տեղը: 6 միավոր էր վաստակել նաեւ 16-ամյա Դիանա Մնացականյանը, որը իր տարիքային խմբում զբաղեցրեց 12-րդ տեղը: