Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ» ՁԱԽՈՂՎԵՑ ԲՈւԼՂԱՐԻԱՅՈւՄ

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Պոլիտեխնիկը» ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Չեմպիոնների գավաթի խաղարկության խմբային մրցաշարում իսկական ֆիասկո ապրեց: Բուլղարիայում կայացած 2-րդ խմբի 3 հանդիպումներում էլ հայկական թիմը խոշոր հաշիվներով պարտություններ կրեց:

Արդեն տեղեկացրել էինք, որ «Պոլիտեխնիկը» 2:17 հաշվով պարտվել էր «Բենֆիկային»: 2-րդ տուրում հայ ֆուտբոլիստները 2:11 հաշվով զիջել էին Ուկրաինայի չեմպիոն «Էներգիային», իսկ 3-րդ խաղում «Պոլիտեխնիկի» նկատմամբ 6:2 հաշվով առավելության է հասել բուլղարական «Վառնան»:

Գրանցված արդյունքները միանգամայն տրամաբանական են եւ սպասելի, թեեւ նախորդ տարիներին ֆուտզալի Հայաստանի չեմպիոնները անհամեմատ հաջող են հանդես եկել եվրոպական ստուգատեսներում: Սակայն Հայաստանի ֆուտզալի վերջին առաջնությունը իր մակարդակով զգալիորեն զիջում էր նախորդ տարիների առաջնություններին: Բացի այդ «Պոլիտեխնիկի» կազմում ընդգրկված էին 40-ին մոտ մի շարք խաղացողներ, որոնք նման լուրջ մրցաշարում չէին կարող հավասար պայքար մղել արագ եւ դինամիկ թիմերի հետ: